Վ. Կարապետյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատման լուրերի մասին

Նման տեղեկություն չունեմ, լրացուցիչ կճշտեմ

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ հաստատում, ոչ հերքում է լուրերը, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Նա Tert.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ չի կարող հաստատել Վալերիյ Օսիպյանի հրաժարականի լուրը. «Նման տեղեկություն չունեմ, լրացուցիչ կճշտեմ»,- ասաց նա:

Ավելի վաղ Tert.am-ն իր տեղեկություններով գրել էր, որ արձակուրդում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վալերիյ Օսիպյանը արձակուրդից չի վերադարձել աշխատանքի:

Այսօր Aysor.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել  է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը, ով նույն օրը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, սեփական դիմումի համաձայն սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ մեկնել էր չվճարվող արձակուրդ, հոկտեմբերի 3-ին նա պետք է վերադառնար աշխատանքի:

Վալերիյ Օսիպյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: