Պետք է էթիկայի հանձնաժողով կազմվի՝ քննելու Արփինե Հովհաննիսյանի մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը. իրավապաշտպան

Զարուհի Հովհաննիսյանը դատապարտում է այս վերաբերմունքն ու կնատյացության արտահայտությունը

Ցավալի է, որ սա անում է այն խմբակցության անդամը, որն իրեն համարում է հեղափոխության առաջնորդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քիմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից իր հարցազրույցներից մեկում ԱԺ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված արտահայտությանը:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

Իրավապաշտպանը նշեց, որ դատապարտում է այս վերաբերմունքն ու կնատյացության արտահայտությունը: Նա խնդրահարույց համարեց նաև, որ արտահայտության հեղինակը ոչ միայն պատգամավոր է, այլև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Պետության անվտանգությունը սկսվում է հենց մարդու հանդեպ վերաբերմունքից, նրանից, թե ինչպես են պետության ներսում պաշտպանվում մարդու իրավունքն ու արժանապատվությունը: Ես սա դիտարկում եմ նաև հանրային դաշտում որոշակի ազդեցություն ունեցող կանանց լռեցնելու մեթոդ` նվաստացման միջոցով»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը:

Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի «Իմ քայլը» խմբակցության մյուս անդամներից ոմանց հայտարարությունները, թե Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մեջ վիրավորական ոչինչ չկա, իրավապաշտպանը պատասխանեց. «Այս դեպքում իրավագիտակցության լուրջ պակաս կա, և խմբակցությունն առաջնորդվում է խմբային շահով` պաշտպանել յուրայինին, ոչ թե, ընդհանրապես, մարդու իրավունքը»:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով` մոտ մեկ տարի է, ինչ նոր ձևավորված ԱԺ-ն գործում է, բայց իրավապաշտպաններն արդեն երկու առիթ են ունեցել բարձրաձայնելու, որ էթիկայի հանձնաժողովը քննի պատգամավորների ոչ պատշաճ վարքագիծը:

«Առաջինը, երբ ԱԺ լսումների ընթացքում տրանսգենդեր կինը հանդես եկավ ելույթով, Վարդան Ղուկասյանը մարդու իրավունքներն ակնհայտորեն խախտող և բռնության կոչերով համեմված արտահայտություններ թույլ տվեց, երկրորդը` Գևորգ Պետրոսյանի` ԼԳԲՏ անձանց և կանանց վերաբերյալ թույլ տված արտահայտությունների համար: Երկու դեպքում էլ ոչինչ չարեցին: Այժմ Էթիկայի հանձնաժողով պետք է կազմվի` քննելու Անդրանիկ Քոչարյանի` պետական գործչին ոչ վայել պահվածքը: Բայց չգիտեմ` ԱԺ-ն որքանով ունակ կլինի դա անել»,-մեկնաբանեց իրավապաշտպանը` ընդգծելով նաև, որ եթե քննվի միայն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, դա էլ կստեղծի խտրական վերաբերմունք հենց նրա հանդեպ: 

Հարցին` սպասելի՞ էր, որ նոր ձևավորված ԱԺ-ում նման վարքագծով պատգամավորներ կարող են լինել, պատասխանեց` ոչ և ավելացրեց, որ «հեղափոխությունը մեծապես տեղի ունեցավ պետական տարբեր մարմիններում  մարդու  իրավունքների խախտումների և այդ խախտումները  գիտակցելու պատճառով»:

«Նոր Հայաստանում այդպիսի դեպքերը պետք է բացառված լինեին և խստորեն պատժվեին, որպեսզի նախադեպեր չստեղծվեին: Մենք նոր Հայաստանում ենք գտնվում ավելի քան մեկ տարի և որևէ նախադեպ չենք տեսնում, որ վարքագծի փոփոխություն լինի, և, առավելապես ցավալի է, որ արդարացումներ են հնչում` բա լա ՞վ է, որ նախկինները այսպես էին անում: Եթե վերջիններիս` այդպես անելը լավ լիներ, իրենք այժմ կշարունակեին պաշտոնավարել: Եթե փոխվել են, ուրեմն` հանրային պահանջ է եղել, որ այդպես չշարունակվի»,- ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը` նշելով, որ, փաստորեն, փոփոխությունը գիտակցական մակարդակում տեղի չի ունեցել:

«Անպատժելիությունը տոտալ անպատասխանատվության մթնոլորտ է ստեղծել Հայաստանում` «ով ինչ կուզի, կասի» տարբերակով»,- եզրափակեց իրավապաշտպանը: