Մհեր Գրիգորյանը՝ գազի սակագնի թանկացման մասին

Չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամիսն ստիպված լինեն քննարկում կազմակերպել, և հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է
Մհեր Գրիգորյան

«Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի վերաբերյալ բանակցությունների վերջնական արդյունքի մասին պատկերացում կլինի մինչև տարեվերջ: Հարցը պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում: Յուրաքանչյուր բաղադրիչի քննարկումը բավական ժամանակատար է: Իհարկե, բոլորիս ցանկությունն է օր շուտ հասկանալ սակագնի վերջնական կառուցվածքը: Հավատացնում եմ, որ գործընթացը մենք չենք դանդաղեցնում, ուղղակի ուզում ենք հասնել հիմնային լուծման, որն էլ նշանակում է, որ իրոք ցանկացած բաղադրիչ քննարկվի այնպես, որպեսզի մենք կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե ստանդարտ մեթոդով մեկ կամ երկու տարիների համար, այլ ունենալու հիմնային պայմանավորվածությունը, որը հնարավորություն կտա տնտեսությանը ձևավորել իր սպասումներն ու ներդրումային ծրագրերը: Մինչև տարեվերջ մենք կունենանք արդյունքի մասին վերջնական պատկերացում»,- այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամիսն ստիպված լինեն քննարկում կազմակերպել, և հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է: Բանակցություններն ընթանում են կառուցողական ձևաչափով, և չկա որևէ նշան, որ վկայում է այն մասին, թե ժամանակ է անցնում, որից հետո պետք է սակագինը փոխվի: Չեմ կարծում նաև, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում ձմեռային ամիսներին»,- նշեց նա: