Ռոբերտ Քոչարյանը պատերազմը հաղթանակած հայորդի է, ում ես հարգել և հարգում եմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը իր կարծիքը չի փոխել ՀՀ երկրորդ նախագահի մասին

Ռոբերտ Քոչարյանը պատերազմը հաղթանակած հայորդի է, ում ես հարգել և հարգում եմ, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոխել իր կողմից ամիսներ առաջ հնչեցրած դիրքորոշումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։  

«Ես իմ կարծիքը հայտնել եմ, խմբակցությունն էլ իր կարծիքն է հայտնել, մենք միասին ենք, իմ անձնական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին ես ասել եմ. հարգում եմ, նորից կրկնում եմ, հազար անգամ էլ կկրկնեմ, որովհետև մենք տասը տարի միասին աշխատել ենք։ Ինչ վերաբերում է նրան, թե իրավական հարթությունում ինչ կլինի, ապա կապրենք՝ կտեսնենք»,- մանրամասնեց նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք աղոթում է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ես ձեզ համար էլ եմ աղոթում, թող հայոց երկրին էլ խաղաղություն լինի: Եվ հետո ծիծաղելով պետք չէ հարցնել, հավատը ծիծաղի առարկա մի՛ դարձրեք»,-նկատեց նա: 

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հոգևորականներին ծնկի բերելու վերաբերյալ՝ ասելով, որ կան  հոգևորականներ, որոնց դեպքում կողմ է վարչապետի ասածին, բայց Հայ Առաքելական Եկեղեցին ծնկի բերել ոչ ոք չի կարող:

Մանրամասները՝ տեսանյութում։