Ով պետք է Երևանում դիմավորեր Պուտինին ու ով դիմավորեց

Հիմա սա դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կոպիտ ասած՝ արարողակարգային աստիճանակարգմամբ՝ նա Հայաստանի 7-րդ պաշտոնյան է։

«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից»:

Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություն է։

Հ.Գ. Հիմա սա դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն։ Ճիշտ է՝ օրենքի պահանջն իմպերատիվ չէ, բայց այն քաղաքական ու դիվանագիտական հսկայական ենթատեքստ է պարունակում...

Հ․Գ․ 2. Ես ամենևին դեմ չեմ, որ ժամանակ առ ժամանակ, ըստ հարկի, Ռուսաստանին որոշակի կոշտ, բայց և կշռադատված մեսիջներ ուղղվեն, բայց դրանք պետք չէ անել օրենքների ու միջազգային պրակտիկայի խախտումներով, բազմաթիվ այլ ձևեր կան։

ՀՅԴ անդամ, քաղաքագետ Գևորգ Ղուկասյան