Թերարժեքության բարդո՞ւյթ, թե դավադրություն. ի՞նչ սպասել Փաշինյան-Պուտին հանդիպումից

Կանխատեսելու համար, թե ինչ կարելի է ակնկալել Պուտինի երևանյան այցից, նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ մթնոլորտում է այն կայանում

Երեկ լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հասցրել է հերքել նախօրոք տարածված այն լուրերը, որ ՌԴ-ից մատակարարվող գազի գինը մոտ ապագայում կարող է թանկանալ ավելի քան 30%-ով՝ միաժամանակ, սակայն, հաստատելով այն փաստը, որ դրա գնի հարցը շարունակում է բանակցությունների առարկա մնալ առնվազն մինչև տարեվերջ:

Չնայած նախապես խոսվում էր այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի շրջանակներում Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի նախատեսվում, սակայն արդեն հայտնի է դարձել, որ նման հանդիպում, այնուամենայնիվ, կայանալու է:

Ի դեպ, այս փաստն իշխանամերձ շրջանակները հասցրել են մատուցել որպես Նիկոլ Փաշինյանի «պատմական հաղթանակ», անհերքելի ապացույց այն բանի, որ հակառակ չուզողների ակնկալիքների, Փաշինյանին իբր հաջողվում է «սառույցը համատեղել կրակի հետ» և այնպիսի «հանճարեղ» արտաքին քաղաքականություն վարել, որին կնախանձեին անգամ աշխարհում երբևիցե ապրած ամենաթրծված առաջնորդները:

Այն, որ հանդիպում նախատեսվում է, իհարկե, վատ չէ, բայց կարևորն այս պարագայում, թերևս, ոչ թե հանդիպումն է, այլ այն, թե ինչ վերջնարդյունք կգրանցվի դրա ավարտին:

Կանխատեսելու համար, թե ինչ կարելի է ակնկալել Պուտինի երևանյան այցից, նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ մթնոլորտում է այն կայանում:

Իսկ մթնոլորտը, նկատենք, բավական սկանդալային է:

Մասնավորապես, համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանում հակապուտինյան ակցիաներ են նախապատրաստվում. դրանց հիմնական առիթը լինելու է ՌԴ-ում ընդդիմադիր վերջին ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին աջակցությունը՝ նրանց ազատ արձակելու կոչով (այստեղ ավելորդ չէ հիշել ռուս ընդդիմադիր, հայատյաց  հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ բոլորովին վերջերս Հայաստանը նրան ճանաչել էր փախստական ու ապաստան տրամադրել, ինչպես նաև իմքայլական Հովհաննես Իգիթյանի՝ ԵԽԽՎ-ում ՌԴ–ի դեմ փաստացի իրականացրած դեմարշը՝ ուկրաինացիների հորդորով…)։

Մյուս կողմից՝ խնդիրների պակաս չկա այն ընկերությունների հետ, որոնք Հայաստանում ներկայացնում են ռուսական կապիտալը, և որոնք անմիջապես հայտնվեցին Փաշինյանի թիրախում իշխանությունը վերցնելուց հետո: Մասնավորապես, ներկայումս նույն «Հարավկովկասյան երկաթուղիներ»–ի շուրջ ստեղծված իրավիճակն առաջ է բերել լայն հարցերի մի մեծ տրցակ, ուր տեղ գտած հարցադրումները շարունակում են մնալ օդից կախված. ռուսները հայտարարել են Հայաստանը լքելու մասին:

Մյուս կողմից՝ Ռուսաստանի մեծ բարեկամ Ռոբերտ Քոչարյանի ու «Մարտի 1»-ի գործով անցնող պետական  ու ռազմական գործիչների շուրջ ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը ստեղծում են մի միջավայր, որի պայմաններում փոխվստահության մասին խոսելը կարող է դիտվել կա՛մ հիմարության աստիճանի հասնող միամտություն, կա՛մ՝ նիկոլական էժան պրոպագանդա:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական հարաբերություններին, որոնք չփորձված աչքի համար կարող են «հույսի կղզյակ» թվալ, ապա այստեղ նույնպես բավական կասկածելի պրոցեսներ են ծավալվում: Մասնավորապես, արդեն խոսվում է այն մասին, որ առաջիկայում Մոսկվան կսկսի ինտենսիվ բանակցություններ վարել Բաքվի հետ զենքի  վաճառքի թեմայով՝ մեր երկրի համար դրանից բխող բոլոր ճակատագրական ռիսկերով:

Ահա մոտավորապես այս պատկերն է բնորոշ այսօր հայ-ռուսական հարաբերություններին, ահա այս  խղճուկ մթնոլորտում է, որ Փաշինյանը փորձելու է իբր զիջումներ կորզել Պուտինից դիցուք գազի գնի հարցում:

Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը վերջին անգամ թանկացրել էր մեկ տարի առաջ` սահմանագլխին 1000 խորանարդ մետրի դիմաց սահմանելով 165 դոլար սակագին` նախորդ 150 դոլարի փոխարեն: Ընդ որում՝ հարկ է  արձանագրել նաև, որ նախորդ տարվա տվյալներով՝ Ռուսաստանից արտահանվող գազի գինն աճել է միջինը 25%-ով: Բացի այս, գազը մի քանի տոկոսային կետով թանկացել է հենց ռուսաստանյան ներքին սպառողի համար: Չնայած Ռուսաստանը պայմանագրային պարտավորություն ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է Ռուսաստանի միջին սակագնից բարձր չլինի, բայց ներկա իրողությունների պայմաններում ոչինչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանին կհաջողվի զիջումներ կորզել՝ առաջին հերթին նկատի ունենալով այն հայտնի իրողությունը, որ գազը Ռուսաստանի համար նախ քաղաքականություն է ու հետո միայն էներգակիր:

Արդյոք արժե՞ բացառություններ անել մի երկրի համար, որի նորաթուխ իշխանությունները գերտերության հետ հարաբերվելու տարրական կուլտուրա չունեն, որի ղեկավարն իր կարճ խելքով փորձում է ոչ թե ամեն գնով մտերմանալ Կրեմլի հետ, այլ «սուր ճոճել» Պուտինի դեմ՝ միաժամանակ, սակայն, գեղական ճարպկությամբ իրադրությունը ներկայացնելով գլխիվայր շրջված՝ իրեն ձեռնտու կերպով. իրենց կարճ խելքով կարծում են, թե եթե շանտաժի լեզվով խոսեն գլոբալ քաղաքականության բացառիկ սուբյեկտ հանդիսացող պետության հետ, ապա դրանով կմեծացնեն Հայաստանի արժեքն ու սուբյեկտայնությունը:

Թերևս, ոչ ոք ու ոչինչ հայ-ռուսական հարաբերություններին այնքան վնաս չի տվել, որքան «նորին գերազանցություն» Նիկոլ Փաշինյանը: Նրա իշխանության օրոք է, որ Հայաստանը վերածվել է մեկուսացած, բայց բնավ ոչ ինքնաբավ մի կղզյակի, որտեղից մարդիկ շարունակում են փախչել՝ հիասթափվելով ամպագոռգոռ խոստումների սնամեջությունից (դիցուք՝ ռուսական կողմի տվյալներով՝   վերջին շրջանում ավելի քան 40,000 հայ է լքել Հայաստանն ու տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն), որը, հին բարեկամներին փաստացի կորցնելուն զուգահեռ, ձեռք չի բերում նորերը, որը կանգնել է մի անդունդի եզրին, որից միակ փրկությունը կարող է դառնալ Փաշինյան Նիկոլի հրաժարականը: Նա տապալվել է և պետք է  սեփական մաշկի վրա զգա իր իսկ հանդգնության հետևանքները. կա՛մ Հայաստանը, կա՛մ Նիկոլը՝ ահա թե որն է հարցի արժեքը:


Վարդգես Սարգսյան