Կյանքի համար վնասակար 5 համոզմունք, որոնք սխալմամբ օգտակար են համարվում

Համաձայնեք, հիմարություն է ենթադրել, թե  մեր հաջողությունը կանխորոշված է եւ սպասում է մեզ  միշտ եւ ցանկացած հանգամանքում

«Հաջողակ եմ, եթե կատարյալ եմ»

Մարդն իր բնույթով կատարյալ չէ, բայց հակված է ձգտելու կատարելության: Համաձայնեք, որ դա նույն բանը չէ: Ոչ ոք չի կարող իդեալական լինել, եւ դա նորմալ է: Իսկ դրա պատճառով դժգոհ լինելն արդեն սխալ է: Համոզմունքը, թե միայն կատարելության հասնելով է հնարավոր հասնել հաջողության, ծուղակ է:

Եկեք ազատվենք անբավարարության զգացողությունից. ինքնակատարելագործումը գործընթաց է, հաջողությունը՝ արդյունք: Պետք չէ գանգատվել նրանից, թե ինչ-որ բանի դեռ չենք հասել, ավելի լավ է սովորել ուրախանալ այն  փոքր բաներով, որ արվել են այդ ճանպարհին: Մենք լիարժեք իրավունք ունենք վայելել  լավագույնը դառնալու մեր ձգտումը: 

«Իմ ճակատագիրը որոշված է»

Համաձայնեք, հիմարություն է ենթադրել, թե  մեր հաջողությունը կանխորոշված է եւ սպասում է մեզ  միշտ եւ ցանկացած հանգամանքում: Ոչ պակաս հիմարություն է ենթադրել, թե  անհաջողությունն է կանխորոշված. «միեւնույն է, ոչինչ էլ չի ստացվի, որքան էլ որ ջանաս»: Թե մեկը, թե մյուսը  վնասակար են կյանքի համար: Մենք ենք ամեն րոպե կերտում մեր ճակատագիրը: Կյանքը ոչ միշտ է լավագույն  խաղաքարտերը մեզ առաջարկում, բայց դա առիթ չէ հուսահատվելու եւ թեւաթափ լինելու: Սեւ  փուլին անպայման հաջորդելու է սպիտակը, եւ հավատալով դրան, մենք մեզ փրկում ենք ֆատալիզմից ու  ձախողակ լինելուց:

«Միշտ» եւ «երբեք»

Համաձայնեք, միամիտ է կարծել, թե կյանքում ինչ-որ բան կարող է մշտապես լինել կամ կարող է ընդհանրապես չլինել: Ուստի բավական անհեթեթ է լսել, թե «ես միշտ այդպես եմ անում» կամ «ես երբեք այդպես չեմ վարվում»: Դա առնվազն տարօրինակ է. մենք ցանկացած պահի կարող ենք անել այն, ինչ երբեք չենք արել եւ հակառակը: Հարցը ռացիոնալության եւ ողջամտության մեջ է: Կարեւոր է  հիշել, որ սեփական վարքագիծը նման շրջանակների մեջ դնելը  ինքն իրեն խղճալու դրսեւորումներից է: Մեր ներսի անհաջողակն է մեզ ստիպում մտածել, որ մենք սեփական կյանքը կառավարելու իշխանություն  չունենք: Ավելի լավ է անտեսել նման անհեթեթ ինքնասահմանափակումները:

«Առանց գովասանքի հաջողություն չկա»

Ինչ էլ որ շրջապատը մեր մասին մտածի, ինչպես էլ որ  գնահատեն կամ չգնահատեն մեր արածը, վստահ կարելի է լինել միայն մի բանում՝ մենք հաստատ այնպիսին չենք, ինչպես նրանք մեզ ընկալում են: Բայց դա նրանց խնդիրն է: Անկասկած, երբեմն բավականին դժվար է անտեսել շրջապատի կարծիքը, բայց մենք լիարժեք իրավունք ունենք դրան ուշադրություն չդարձնելու: Ինքնահարգանքը բացառապես ներքին աշխատանք է:

«Ինչպես եղել է, այնպես էլ կլինի»

Անցյալի ձախողումները հաճախ ստիպում են չհավատալ ապագայի հաջողություններին: «Արդյո՞ք նույնը չի կրկնվի ինչպես նախորդ անգամ», «Դա մենք արդեն անցել ենք, ոչ մի լավ բան չի լինի»,- տանջում է ներքին անհաջողակը: Իհարկե, անհաջողությունները կարող են խաթարել մեր նկատմամբ հավատը, բայց  ավելի լավ է դրան մեկ ուրիշ կողմից նայել. ամեն դեպքում մենք ստացել ենք անգնահատելի փորձ, եւ բացասական արդյունքը նույնպես արդյունք է: Անհաջողությունն ընդամենը ոչ ճիշտ հաշվարկված ռիսկերի, ոչ բավարար գիտելիքների, ավելորդ շտապողականության հետեւանք է, ոչ ավելին:

Հաջողությունը սեփական վարքագծի կարծրատիպերը հաղթահարելու, նորը յուրացնելու, անսովոր բաներ անելու եւ սեփական նպատակի ուղղությամբ առաջ շարժվելու մեր ունակությունն է:

 

Աղբյուրը՝ Creu