Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց. Փաշինյան

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր են գործադրել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ երկրներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան: Այս մասին նա հայտարարեց Երևանում անցկացվող  «Եվրասիական աշխարահամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին իր բացման խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում:  Տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց զատ Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան»,-ասաց Փաշինյանն ու համոզվածություն հայտնեց , որ այս համաժողովի նման հարթակները, կարծիքների փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդեն համագործակցության ամրապնդմանը նաև ԵԱՏՄ սահմաններից դուրս:

Վարչապետի կարծիքով` համաժողովը լավ հարթակ է առևտրատնտեսական կապերի ամրապնդման ճանապարհների և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաների ճարտարապետության հաստատման վերաբերյալ տեսակետների փոխանակման համար: Փաշինյանը հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքներով կկարողանան ավելի լավ գնահատել առկա հնարավորությունները և հստակեցնել արգելքները հաղթահարելու մեխանիզմները:

Վարչապետը շեշտեց նաև, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր են գործադրել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ երկրներում տնտեսական աճի համար: Այս կոնտեքստում առանցքային ոլորտներից մեկը նա համարեց եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան:

Վարչապետը նկատեց նաև, որ պատմականորեն Եվրասիա մայրցամաքը եղել է առևտրի, տնտեսական, մշակութային, հաղորդակցական գործընթացների խճանկար, որում քիչ կարևոր դեր չի խաղացել նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հաղորդակցության կենտրոնում՝ Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող Հայաստանը: Նա նշեց` Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Արտաշատի վերելքը, որը հայտնի էր որպես «Հայաստանի Կարթագեն» և բազմադարյա մայրաքաղաք Անին , որը հայտնի է եղել իր հիանալի ճարտարապետական կոթողներով. դա պայմանավորված էր նաև նրանով, որ դրանք գտնվում են Մետաքսի ճանապարհի վրա:

Վարչապետի կարծիքով` Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը, այլ նաև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը: