Հավատա Տիրոջը, ու շուրջդ ամեն բան կփոխվի, հավատա ինքդ քեզ ամենադժվար պահին, ու Տերը քեզ կուղղորդի

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ անիրականն իրականանում է հավատի շնորհիվ ու դա բնորոշ է հատկապես մեզ՝ հայերիս

Մեր արարքները կարող են փոխել դիմացինի կյանքը, աշխարհընկալումը, որոշումները, ի վերջո, հավատն առ այն, որ ամեն ինչ կարող է լինել ավելի լավը, լուսավորն ու լավագույնը, եթե կամենալ, կարևորը՝ հավատալ:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ս. Գևորգ Զորավարի (Կապադովկացու) հիշատակության օրը, ով իր կյանքով, արարքներով, քարոզներով դարձի բերեց բազմաթիվ մարդկանց և դա արեց առանց երկմտելու. հավատաց ու ցույց տվեց, որ կյանքում ամեն սին ու փուչ երևույթ պիտի վերացնել, իսկ կարևորն ու մնայուն արժեքները՝ պահպանել:

Նա սեփական կյանքի ճանապարհով իր հետևից տարավ մարդկանց միայն մեկ խորհրդով. հավատա Տիրոջը ու շուրջդ ամեն բան կփոխվի, հավատա ինքդ քեզ ամենադժվար պահին ու Տերը քեզ կուղղորդի:

Ս. Գևորգը ճշմարիտ ու քաջ քրիստոնյա էր, ով չէր վախենում բարձրաձայնել դրա մասին, ինչի համար էլ բազում տանջանքների ենթարկվեց, բայց չնահանջեց:

Մենք էլ պիտի թե՛ մեր, թե՛ եկող սերնդի մեջ սերմանենք համարձակություն հավատքը կյանքի չափ կարևոր դարձնելու և Աստծուն սիրելու համար, որովհետև դա մեր դիմագիծն է, մեր կյանքն ու վարքն արտացոլող միակ անփոփոխ ուղին: Մենք քրիստոնյա ենք ու դրանով բազմաթիվ հարցեր գտնում են իրենց պատասխանները, բազմաթիվ մարդիկ ճանաչում են մեզ հենց դրա շնորհիվ: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ անիրականն իրականանում է հավատի շնորհիվ ու դա բնորոշ է հատկապես մեզ՝ հայերիս:

Լիլիանա Օսիպյան

qahana.am