Փաշինյան-Միքայելյան հակամարտությունը նոր թափ է ստանում. «168 ժամ»

Փաշինյանի պատասխանը չի ուշանա

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռեւս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, որոնք համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե Վանեցյանն իր այդ հայտարարությամբ «աղբամանը նետեց իր ուսադիրները»: Սրան հաջորդեց Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը՝ նախ հիշեցնելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԱԾ նախկին պետն իր ընկերն է, որի հետ նա ճանապարհ է անցել, ու մնալու է իր ընկերը, ապա նաեւ հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի ասել՝ «ուսադիրները նետեց աղբամանը», քանի որ ինքն էլ է ուսադիր կրել: Նիկոլ Փաշինյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունն անհետեւանք չի կարող մնալ:

Ենթադրվում է, որ այդ մասին գիտի նաեւ Սասուն Միքայելյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Ս. Միքայելյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն այլ բան ասել չէր կարող, եւ նման հայտարարություն անելով՝ ինքն առաջին հերթին՝ պաշտպանել է իր ուսադիրը, որի արժեքը չեն կարող իմանալ բանակում ծառայություն չանցածները:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ԱՄՆ-ից զանգահարել է իր մտերիմ կուսակիցներին եւ հանձնարարել  իր բացակայության ընթացքում զգոն լինել անհնազանդ կուսակիցների ու պատգամավորների գործունեության նկատմամբ՝ մինչեւ իր վերադարձը:

«Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը խմբակցության ներսում չի քննարկել Սասուն Միքայելյանի հարցը, քանի որ չի վստահում նրանց, ուստի այդ հարցը նա քննարկել է իր վստահելի մի քանի կուսակիցների հետ: Նրանք են՝ Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը:

Սասուն Միքայելյանին պատժելու տարբերակներ դեռեւս չեն գտնվել, քանի որ կուսակցությունից նրան հեռացնել չեն կարող, քանի որ նախ՝ Միքայելյանը ՔՊ հիմնադիրներից է, եւ երկրորդ՝ նա կուսակցության կանոնակարգը չի խախտել: Նշենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում: Իսկ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, որեւէ կերպ չի տեղավորվում այս դրույթի տակ ենթադրվող գործողությունների շարքում:

Հաջորդ «պատիժը», որը քննարկվել է իշխանական նեղ շրջանակում՝ Ս. Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելն է, սակայն դա նույնպես բացառվում է, քանի որ այն ընտրովի մարմին է, իսկ ԵԿՄ-ում Ս. Միքայելյանին դեմ դուրս եկողներ գոնե այս պահին չկան: Այսինքն՝ «անհնազանդ» Ս. Միքայելյանին պատժելու մեթոդ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի կարողանում գտնել:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ չի խոսել Ս. Միքայելյանի հետ: Բանն այն է, որ Ն. Փաշինյանն այսօր իսկապես իր մի քանի կուսակիցների հետ մնացել է միայնակ, ու նրան ոչ ոք չի համարձակվում ասել, որ վստահելի մարդկանց շրջանակը գնալով նեղանում է, որովհետեւ Փաշինյան վարչապետը կարծում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել ու ասել, իսկ մյուսները՝ ոչ:

«Իմ քայլը» խմբակցության ներսում դժգոհություններ կան, որ այլեւս դժվար է գտնել մարդկանց, որոնք թշնամաբար չեն վերաբերվում իրենց, քանի որ Ն. Փաշինյանը բոլորին իրար դեմ է հանել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր դեմ դուրս եկող թիմակիցներին պատժելու համար Ն. Փաշինյանն իր ուրույն մեթոդն ունի. Անմիջապես հարկային ստուգումներ են սկսվում նրանց պատկանող օբյեկտներում:

Որպես դրա վառ օրինակ՝ նրանք մատնանշում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով համարձակվել էր դեմ դուրս գալ Ամուլսարի ծրագրի իրականացմանը:

Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի հայտարարություններից անմիջապես հետո հարկային մարմինները ստուգումներ են սկսել Սեւանի ափին գտնվող պատգամավորին պատկանող օբյեկտում:

Սակայն Վ. Կարապետյանը պնդում է, որ իր տեսակետը կապված Ամուլսարի հետ, լիովին համապատասխանում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, եւ ամենեւին էլ մեղավոր չէ, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը վերափոխել է իր դիրքորոշումը՝ ինչպես այդ, այնպես էլ՝ շատ այլ հարցերում:

Այնպես որ, խմորումները, որոնք կուտակվել են իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում եւ ՔՊ ներսում, չեն կարող երկար անտեսվել, ու հենց դա է պատճառը, որ Փաշինյանը խուսափում է հանդիպել ըմբոստացող կուսակիցների ու թիմակիցների հետ՝ շատ լավ իմանալով, որ իրեն հակադարձելու են՝ նախկին Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեջբերումներ անելով, ինչը, համաձայնեք՝ այնքան էլ հաճելի բան չէ: Բայց, մեր տեղեկություններով՝ այդ հանդիպմանը շատերն են անհամբերությամբ սպասում»: