Facebook-ը սկսել է թաքցնել «լայքերի» թիվը Ավստրալիայում գրառումների համար

Դա թեստ է, որպեսզի տեսնեն, թե ինչպես են մարդիկ փոխգործակցում այս նոր ձեւաչափով

Facebook-ը սկսել է թաքցնել «լայքերի» թիվը Ավստրալիայում գրառումների համար։ Այդ գործառույթը նպատակ ունի թուլացնել սոցիալական ճնշումը եւ կարող է գործարկվել ամբողջ աշխարհում, տեղեկացնում է AFP-ն։

Ավստրալացի օգտատերերը չեն կարողանա նաեւ դիտել արձագանքների եւ մյուս օգտատերերի գրառումներում վիդեոները դիտելու թիվը։ Բայց նրանք նախկինի պես կարող են տեսնել, թե ինչպես են մարդիկ արձագանքում իրենց սեփական գրառումներին կամ տեսանյութերին։

«Դա թեստ է, որպեսզի  տեսնեն, թե ինչպես են մարդիկ փոխգործակցում այս նոր ձեւաչափով։ Մենք հույս ունենք դասեր քաղել դրանից ժամանակի ընթացքում, որպեսզի տեսնենք՝ կկարողանանք արդյոք օգտագործել այդ գործառույթը ավելի լայն»,- ասվում է սոցցանցի հայտարարությունում։

Ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում օգտագործում է Facebook-ը, բայց սոցիալական ցանցերի հսկան հայտնվել է ճնշման տակ՝ հոգեկան առողջության վրա պլատֆորմի ազդեցության համատեքստում։

Ավստրալիայում յուրաքանչյուր հինգերորդ երեխան տեղեկացնում է կիբեռահաբեկման մասին։ Խնդիրը գրավել է ողջ երկրի ուշադրությունն անցած տարի, երբ 14-ամյա աղջիկը, որը նկարահանվել էր ավստրալական լայնեզր գլխարկների հայտնի գովազդում, ինքնասպան էր եղել ինտերնետում ծաղրուծանակից հետո։