Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ, կոպիտ խախտումներ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպան

Խոսքը գնում է հիմնավոր կասկածի մասին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Հենց դատարանի դիմաց լրագրողների հետ զրուցում  Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը, ըստ էության, թույլ է  տվել ակնհայտ, կոպիտ խախտումներ։

«Կալանավորումն այնպիսի  հանգամանքներով է հիմնավորել, որոնք հանգեցրել են ակնհայտ կոպիտ խախտումների, որի համար արդեն Հայաստանի արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում ենք ներկայացել»,- ասաց պաշտանը։

Նա նշեց, որ  երբ անձին ներկայացնում են  կալանավորման միջնորդություն, պարտադիր պետք է դատարանին ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյոք այն մեղադրանքը, որ ներկայացվում է  անձին, ինքը կապ ունի այդ մեղադրանքների հետ։

«Դատարանը պետք է հաստատի, որ կարողանա անձին կալանավորել։ Խոսքը գնում է  հիմնավոր կասկածի մասին։ Դատարանի դատական ակտն ու դատարանի տրամադրության տակ առկա նյութերն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի որևէ փաստական տվյալ։ Այսինքն դատարանը նույնիսկ չէր կարող ընդհանրապես պատկերացնել՝ արդյոք նման հանցագործություն առկա է, թե ոչ։ Բայց ինչ է արել դատարանը, գրել է, որ այս հոդվածով մեղադրանքի հիմնավոր կասկած, ըստ էության, առկա է»,- ասաց Ե. Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ դատարանն ընդհանրապես չուներ փաստական տվյալ, նյութ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել, այսինքն պատկերացնել՝ հանցագործություն կա, թե ոչ. «Դատարանի տրամադրության տակ չկան այդպիսի նյութեր, դատարանը չի հետազոտել այդպիսի նյութեր, դատարանի որոշման մեջ չկան նշումներ այդպիսի նյութերի մասին»։

Փաստաբանի խոսքով, դատարանը կոպիտ խախտում է թույլ տվել, որովհետև անձի ազատության իրավունքն է սահմանափակվել։

«Այստեղ պետք է անձերից վեր կանգնենք, դատարանը չի կարողացել անձերի մոտեցումից վեր կանգնել, մեխանիկական մոտեցում է ցուցաբերել»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։