Վերաքննիչ դատարանը Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ որոշում կկայացնի երկուշաբթի

Պաշտպանը հույս հայտնեց, որ դատարանը կգտնվի իր դերում և արդար որոշում կկայացնի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝  առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

Ինչպես տեղեկացանք Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանից՝ Գագիկ Խաչատրյանը մասնակցում էր բողոքի քննությանը։

Պաշտպանը նաև հույս հայտնեց, որ դատարանը կգտնվի իր դերում և արդար որոշում կկայացնի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր live24.am - ը,  Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։