Աշնանային «քաղաքական կրքեր»

Փաշինյանն ու իր թիմը փորձում են արհեստական ցեխ-նետումը կազմակերպել Վանեցյանի ուղղությամբ

Քաղաքական թեժ աշնան կանխատեսումները, որոնք շրջանառվում էին ամռան կեսերից, գնալով նոր երանգներ են ստանում, որոնք իրենց հետևից թողնում են որոշակի հետագիծ ու քաղաքական ռեզոնանս։ Նիկոլ Փաշինյանը, հռոմեական թույլ կայսրերի նման, փորձում է շարժվել տեսարաններ մատուցելու իր՝ արդեն գրեթե չաշխատող և լճացած սխեմայով, այս անգամ, սակայն, այլ ռակուրսով։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ՝ արհեստական, բավականին երկար ու անհասկանալի և զավեշտալի մեղադրական մի եզրակացություն հրապարակելով։ Ինչևէ, մեղադրանքն առաջադրված է, նախկին ՊՆ նախարարը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և անհասկանալի «կոռուպցիոն սխեմաների» մեջ։ Թեման բուռն արձագանք ստացավ հանրության շրջանում։

Տեղի ունեցածին ավելի ուշ արձագանքեց նաև ինքը՝ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր։ Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները»:

Համաձայնեք, որ Փաշինյանն արդեն կրկնվում է, քանի որ ձերբակալությունների ու քրեական գործեր հարուցելու այս գործելաոճն արդեն կորցրել է իր էֆեկտիվությունը, քանի որ հանրությունն այլևս գրեթե չի զարմանում նման երևույթներից։ Իրականում դրա մեղավորը դարձյալ Փաշինյանն է, քանի որ նա իր ձերբակալությունների «պլանկան» միանգամից բարձրացրեց, երբ ձերբակալեց Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո մնացած ձերբակալությունները դիտարկվում էին՝ ուղղակի ձերբակալություն։ Ահա այս փուլում կարևոր է դիտարկել մի շատ նուրբ դրվագ, որը մատուցվում է հանրությանն իշխանությունների և «ագիտպրոպի» ողջ ներկայացուցիչների կողմից։

Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է. հանրությանը մատուցվում է մոտավորապես հետևյալը՝ Վանեցյանի հեռանալուց հետո համակարգում նոր թափով են սկսել «կոռուպցիոն բացահայտումները, քանի որ նա խոչընդոտում էր քրեական գործերի բացահայտման և հարուցման գործընթացին»։ Սակայն այս պարագայում պետք է արձանագրենք մի կարևորագույն դետալ. ի սկզբանե Վանեցյանին համակարգից հանելը ենթադրում էր, և, ինչպես նկատեցինք, նոր ռեպրեսիվ բռնաճնշումներ և արհեստական բնույթ կրող «սարքած» գործերի նոր շրջափուլի մեկնարկ։

Ակնհայտ է, որ ԱԱԾ նախկին տնօրենին Փաշինյանը հանել է լրիվ այլ պատճառով, այդ թվում՝ նաև աշխարհաքաղաքական, ուստի ներկա փուլում հանրության վրա պետք է որևէ կերպ  «ծախի» պաշտոնանկության այդ դրվագը, ուստի դրան հերթական նոր մանիպուլյատիվ էֆեկտն ու սոուսն է տրվում։ Կոռուպցիայի դեմ պայքարի և «կոռումպացված համակարգի» դեմ պայքարին խոչընդոտելու փաստը Վանեցյանի վզին փաթաթելն ու նրա վրա բարդելը ամենահեշտ ու պարզ տարբերակն է սեփական ապիկար կադրային քաղաքականության պատասխանատվությունից խուսափելու և վեկտորները շեղելու համար, քանի որ թիմի աչքին պետք է շարունակել երևալ որպես «ամենակարող ու արդարամիտ», իսկ իրեն խիստ համակրող էլեկտորատի առաջ՝ «մաքրամաքուր ու սրբագործ»։ Հենց այս ամենը հաշվի առնելով է, որ Փաշինյանին սպասարկող լրատվականը շնչակտուր այս թեզերը դրել է շրջանառության մեջ։

Չունենալով ոչ մի փաստական հիմք, առավել ևս՝ ապացույց, Փաշինյանն ու իր թիմը փորձում են արհեստական ցեխ-նետումը կազմակերպել Վանեցյանի ուղղությամբ՝ իբր նա «տակից» խոչընդոտել է Նիկոլի՝ «կոռուպցիայի դեմ պայքարին», «նախկին հանցավոր ռեժիմի կեղեքիչներին» բանտերը լցնելու գործընթացին։ Այս ամենն առաջիկայում, ըստ ամենայնի, կունենա իր արձագանքը, և չի կարելի բացառել, որ Վանեցյանի հարվածը կլինի ավելի ցավոտ ու կոշտ։ Երեկ լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում Վանեցյանը անդրադարձավ իշխանական թևից իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ դրանք համարելով անհիմն, ոչ պրոֆեսիոնալ և ծիծաղելի։

Ակնհայտ է,  որ փաշինյանական կառավարման համակարգում լճացումը գնալով խորանում է. թիմը պառակտված է, ներքին խմորումներ են ընթանում։ Իսկ մեկ-երկու ամիսների ընթացքում ստեղծվելու է մի այնպիսի փակուղային իրավիճակ, երբ իշխանությունները ոչինչ անելու  ու նոր տեսարան մատուցելու հնարավորություն այլևս չեն ունենալու։

Արմեն Հովասափյան