8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում

Այսքան մարտահրավերների դեպքում, կարծում եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ կորցնել

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը լծվել է «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման գործին։

«Հասկանում եմ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ տարբեր շահեր ունեն, տարբեր կողմերից ֆինանսավորվում են: Նույնիսկ լսել եմ, որ ադրբեջանական ֆոնդերից  ֆինանսավորողներ կան: Այսինքն՝ մենք ծախում ենք մեր երկիրը: Հիմա ինքը չի ուզում դա անել, ուրեմն թող ստորագրությունը հետ վերցնի, ոչ թե վավերացնի: Իսկ ինքը հող է նախապատրաստում, Սոցապն այսօր գիշերօթիկներ է փակում, աջակցության կենտրոններ է բացում, այդ երեխաներին բախտի քմահաճույքին է հանձնում, պետությունը որևէ պատասխանատվություն չի կրելու նրանց հանդեպ: Իհարկե, խառնաշփոթ է նաև իր մոտ, և ես կարծում եմ, որ շատ լավ գիտի, թե ինչ է անում. կան թիրախներ, որոնք ընտրված են, և ինքն այդ ուղղությամբ աշխատում է: Անվերջ խոսում է կոռուպցիայի մասին… ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Բա հարց չի՞ առաջանում, թե ո՞նց այսքան արագ հարստացան»,- հավելեց ՀՀԿ անդամը:

168.am-ի հարցին՝ անուններ կա՞ն, ովքե՞ր են տարածքներ գնող այդ պատգամավորները, Կարինե Աճեմյանը պատասխանեց.

«Անուններ չեմ նշի, որովհետև ես  այստեղից-այնտեղից լսում եմ, բայց չեմ կարծում, որ դրանք պարզապես  խոսակցություններ են: Դուք տեսաք, որ 6 ամսվա պատգամավորուհին գումար էր ստացել Ազգային ժողովից՝ խալիներ լվանալու համար: Մերոնցից ոչ մեկի մտքով չէր անցնի բյուջեից փող վերցնել, խալի լվալ ու դա վերածել ինչ-որ տոնի: Դրանք մարդիկ էին, ովքեր մեծ-մեծ խոսում էին բյուջեի թալանի մասին: Ես մշտապես ասել եմ, որ հասարակությունն է հիվանդ… եթե ուզում եք իմանալ՝ այս 30 տարիների ընթացքում այսպիսի անմեղսունակ ոչ պառլամենտ ենք ունեցել, ոչ էլ իշխանություններ: Ժամանակի ընթացքում մենք կադրերի բանկ ենք ձևավորել, հրաշալի կադրեր ենք ունեցել, և այսօր խոսել հների մասին, բայց ունենալ մարդիկ, ովքեր նախկիններից են, և միայն իրենք են այսօր պրոֆեսիոնալ աշխատանք տանում նույնիսկ  այս իրավիճակում, սա զավեշտ է: Իրենց էլ հանի, փողոցից մեկին բեր, ինչ կասես՝ ինքն էլ կանի, և երկիրը վերածեք ծիծաղելի վայրի: Այսքան մարտահրավերների դեպքում, կարծում եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»:

Հարցին՝ այսինքն, ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվողների անուննե՞ր էլ չեք տալու, ՀՀԿ անդամը նշեց.

«Ինքներդ կարող եք պարզել: Այն հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, կարող եք բացել ու պարզել: Այնպես չէ, որ մեծ գաղտնիք եմ  ասում: Մեծ հաշվով, ինձ թվում է՝ երկիրը քանդելու ամբողջ ֆինանսավորումը գալիս է հենց այդտեղից՝ «Սորոսի» գրասենյակ, արևմտյան կառույցներ… իրենք, հնարավոր է՝ պարզապես միջնորդ են»: