Ռոբերտ Դավթյանը Հայաստանի Հանրապետության փողերով մեկնել է ԱՄՆ, Բոստոն ուսանելու. Մալյան

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի Սերժ Թանկյան, առաջին լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Դավթյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հարց է տալիս ՀՀ վարչապետ Փաշինյանին: Ռոբերտը Հայաստանի Հանրապետության փողերով մեկնել է ԱՄՆ, Բոստոն ուսանելու: Հատուկ Ռոբերտի համար կառավարության որոշում կա, որով Ռոբերտի բանակում ծառայությունը փոխարինվել է 2 տարվա աշխատանքով:

Ռոբերտին ՀՀ բյուջեից հատկացված փողերի միակ պայմանը եղել է այն, որ նա մեր փողերով ԱՄՆ-ում ուսանելուց հետո վերադառնա Հայաստան և գոնե ՀՀ բանակում ծառայության փոխարեն երկու տարի աշխատի Հայաստանում: Ռոբերտ Դավթյանը ճարպիկ տղա է: Նա ավարտելուց հետո քցել է Հայաստանի Հանրապետությանը և չի վերադարձել: Ավելին` Ռոբերտը ըստ էության արդեն քրեական հետախուզման մեջ պետք է լիներ պարտադիր զինծառայությունից խուսափելու հոդվածով, սակայն, ինչպես տեսնում եք, նա ազատորեն հանդիպում և հարցեր է տալիս ՀՀ վարչապետին:

Մյուս լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Աբաջյանն է, ով չփախավ ԱՄՆ, մնաց մեր երկրում, ծառայեց բանակում ու զոհվեց մեր երկրի սահմանները պաշտպանելիս:
Խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին…»: