Անձնական որևէ բան չկա, տարաձայնությունները քաղաքական են․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների մասին

Կոտայքի մարզպետ Պետրոսյանը նշեց ամենակարևորը պետության շահն է, անձնական փոխհարաբերությունները ստորադասվում են դրան

Ես միշտ ասել եմ, որ անձնական որևէ բան չկա, տարաձայնությունները քաղաքական են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Սասուն Միքայելյանի և Աբովյանի քաղաքապետի հետ իր հարաբերությունների մասին. «Քաղաքական տարաձայնությունները, գնահատականներն ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր, նոր վարքագիծ ի հայտ չի եկել: Սակայն դա չի խանգարում անձնական մակարդակով մեր փոխշփմանն այսպիսի կարևոր իրադարձությանը»:

Կարևոր իրադարձություն ասելով մարզպետը նկատի ունի զորահավաքը, որն այսօր մեկնարկել է:

Պետրոսյանի խոսքերով, ամենակարևորը պետության շահն է, անձնական փոխհարաբերությունները ստորադասվում են դրան:

Պետրոսյանը խոսեց նաև ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի աշխատակցի ավոտմեքենան այրելու միջադեպի մասին: Նա մասնավորապես նշեց, որ իրենք հետևողական են. «Ես շահագրգռված եմ, որ գործը բացահայտռվի: Այն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Գործը դեռ ՔԿ-ում է, քննվում է: Մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել: Ցավոք գործի բացահայտումը ձգձգվում է, ինչպես տսանյակ այլ գործեր: Նույնիսկ արտաժամյա աշխատանքի արդյունքում քննիչները չեն հասցնում քննել այս ծավալի գործերը: Մենք ըմբռնումով ենք մոտենում, սպասում ենք»: