Խնամված դեմք. հայ կոսմետոլոգի խորհուրդները եւ գաղտնիքները

Աշունը լավագույն ժամանակն է, երբ կարելի է սկսել տարբեր միջամտություններ կատարել

Խնամված դեմքն իրեն հարգող յուրաքանչյուր կնոջ այցեքարտն է: Թերությունները թաքցնելու համար դիմահարդարման ինչպիսի միջոցներ էլ օգտագործեք, մաքուր, հարթ, ներսից փայլող մաշկ կարելի է ունենալ ջանադիր եւ ճիշտ խնամքի միջոցով: 

NEWS.am STYLE-ը դեմքի մաշկի ճիշտ խնամքի գաղտնիքները բացահայտելու խնդրանքով դիմեց Երեւանի կլինիկաներից մեկի մաշկաբան, կոսմետոլոգ Տաթեւիկ Եսայանին:

«Բարուրից» սկսած

Մաշկի խնամքը պետք է սկսել մոտ 13-15 տարեկանից, եթե հատուկ խնդիրներ չկան: Դեռահասին պետք է սովորեցնել, թե ինչպես ճիշտ խնամի դեմքը, բացատրել մաշկը մաքրելու եւ խոնավացնելու անհրաժեշտությունը: Ավելի լավ է կոսմետոլոգի հետ խորհրդակցել, որը կօգնի «ճիշտ» կոսմետիկա ընտրել, ինչն անչափ կարեւոր է: 18 տարեկանում կարելի է անցկացնել առաջին կոսմետոլոգիական միջամտությունները՝ դեմքի մաքրում, թեթեւակի մակերեսային պիլինգներ: Վերջինի բաղադրության մեջ օգտագործվում են կաթնաթթու, կիտրոնաթթու, գլիկոլաթթու, սացիլիցիլաթթու: Դրանք խորը մաքրման էֆեկտ կունենան, կհարթեցնեն մաշկի ռելիեֆը, կլավացնեն դեմքի գույնը: Կօգնեն հաղթահարել դեմքին բշտիկների ի հայտ գալը, եթե մաշկը դրան հակված է:

Դեմքի մաքրման մասին

Խորհուրդ է տրվում  դեմքի մաքրումը կատարել խնդրից կախված: Ցանկալի չէ մաքրումը չարաշահել՝ սա ամեն դեպքում դեմքի մեխանիկական վնասում է: Ուլտրաձայնային մաքրումը հավասարեցվում է ֆիզիոթերապեւտիկ միջամտությանը եւ մի շարք հակացուցումներ ունի: Չի կարելի մաքրման դիմել ասթմայի, էկզեմայի, հերպեսի, ինֆեկցիոն եւ ուռուցքային հիվանդությունների դեպքում: Մաշկի մաքրումն անհրաժեշտ է, եթե յուղոտ մաշկ ունեք, լայնացած անցքեր, կոմեդոններ, մաշկի վրա բշտիկներ կան։ Ընդհանրապես, բոլոր միջամտությունների դեպքում կարեւորը «ոսկե միջինն» է եւ բժշկի պրոֆեսիոնալիզմը, որը ճիշտ կընտրի անհրաժեշտ միջամտությունը:

Կտրականապես արգելվում է տան պայմաններում ինքնուրույն զբաղվել դեմքը մաքրելով, քանի որ շատ մեծ է մաշկը վնասելու հավանականությունը:

Տնային խնամք. խորհուրդներ

 

Կարեւոր է իմանալ, թե տան պայմաններում ինչպես ճիշտ խնամել դեմքի մաշկը, քանի որ բժշկի կաբինետում ձեռք բերած արդյունքը  սխալ ընտրված գելն ու մուսը «կլվանան»: Ամբողջ կոսմետիկան պետք է ընտրել՝ հաշվի առնելով ձեր մաշկի առանձնահատկությունները:

Մշտապես խորհուրդ եմ տալիս կոսմետիկական միջոցներ գնելուց առաջ կարդալ բաղադրությունը՝ դրանց մեջ չպետք է սպիրտ պարունակվի, քանի որ սպիրտը մաշկը չորացնում է՝ հարուցելով մաշկի խանգարում: Դեմքն անպայման պետք է ջրով լվանալ եւ մաքրելու միջոց (փրփուր, մուս, գել) օգտագործել մաշկի տեսակից կախված: Լվացվելուց հետո պարտադիր տոնիկ օգտագործեք՝ այն մաշկը խոնավացնում եւ թարմացնում է: Դրանից հետո քսեք խոնավացնող կրեմ՝ դարձյալ սպիրտ չպարունակող: Վերցրեք փոքր կրեմ, քանի որ ավելցուկը մաշկի համար այնքան էլ լավ չէ: Խորհուրդ եմ տալիս տարայից կրեմը թիակով վերցնել՝ բակտերիաների բազմացում թույլ չտալու համար: Իդեալական է պրոֆեսիոնալ կոսմետիկայից օգտվելը: Մասնագետը կօգնի ճիշտ խնամք ընտրել՝ ձեր մաշկին եւ խնդիրներին համապատասխանող:

Սքրաբներ օգտագործեք, որոնք թեփոտում են մաշկի վերին շերտը: Ոչ մի դեպքում չի կարելի սրճային կամ մեղր պարունակող դիմակներ դնել՝ դա կարող է ալերգիա առաջացնել: Կարելի է ամենօրյա տնային դիմակներ պատրաստել՝ կաթով վարսակ, թթվասերով բանան: Օժանդակ էֆեկտ կապահովվի, եւ մաշկը կփայլի:

 

Ցերեկային եւ գիշերային կրեմների մասին

Գիշերային կրեմից ցերեկայինի միակ տարբերությունն այն է, որ ցերեկային կրեմը SPF ֆակտոր է պարունակում (ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն), ուստի չի կարելի այն որպես գիշերային օգտագործել: Բանն այն է, որ կրեմի բաղադրության մեջ մտնող ֆիլտրը մաշկի մակերեւույթին պաշտպանական թաղանթ է ստեղծում, որը խոչընդոտում է գիշերը մաշկի վերականգնողական գործառույթի իրականացմանը:

Աշնանային միջամտությունների մասին

Շոգ ամառվանից հետո մեր մաշկը հանգստի եւ ուշադրության կարիք ունի: Իսկ աշունը լավագույն ժամանակն է, երբ կարելի է սկսել տարբեր միջամտություններ կատարել: Այս հարցում ամենից լավ կարող է օգնել պիլինգը: Ամենաարդյունավետ եւ անվտանգ կոսմետիկական միջամտություններից կարելի է նշել նշային պիլինգը:

Նշային պիլինգը քիմիական պիլինգի տարատեսակներից մեկն է, որը հիմնված է ակտիվորեն ազդող քիմիական նյութի վրա: Մասնավորապես՝ նշային պիլինգի հիմքում նշաթթուն է, որը ստանում են դառը նուշից: Նշաթթուն պակաս ագրեսիվ է, ուստի մաշկի վրա փափուկ եւ նրբորեն է ազդում: Հենց այս պատճառով նշային պիլինգը դասվում է ամենաարդյունավետ եւ անվտանգ կոսմետիկ միջամտությունների թվին: Պիլինգից հետո մաշկը նկատելիորեն հարթվում եւ հավասարվում է, թարմ եւ բարեփոխված տեսք ստանում: Պակաս նկատելի են լինում սպիները, վերքերի հետքերը եւ մաշկի այլ թերությունները: Միջամտությունից հետո մաշկը կարող է շատ չոր լինել, սա նորմալ ռեակցիա է քիմիական միջոցի ազդեցությանը: Մաշկին մի փոքր օգնելու եւ այն խոնավացնելու համար օգտագործեք SPF 30-50 կրեմը:

Բոլորին խորհուրդ եմ տալիս սպիրուլինով պլաստիկացնող դիմակ: Այն մաշկը թարմացնում է, թուլացնում, ունի լիֆտինգի էֆեկտ, հակաօքսիդանտային ազդեցություն է ունենում: Հակացուցումներ չունի, բացառությամբ՝ անհատապես տանել չկարողանալը:

Դեմքի մաշկի խնամքի բազային միջամտությունը, որի մեջ մտնում են՝ մաքրումը, պիլինգը եւ դիմակը, կարժենա 11 հազարից մինչեւ 15 հազար դրամ: