Հրայր Թովմասյանը Մոսկվայո՞ւմ է

«Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը

Ինչպես հայտնի է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Դրան զուգահեռ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, գործընթացը սկսելուն զուգահեռ, Սահմանադրական դատարանում Հրայր Թովմասյանին չեն տեսնում։

Մեզ հասած տեղեկություններով նա այս օրերին գտնվում է Մոսկվայում։

«Առաջին լրատվական»-ը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից փորձեց ճշտել, թե ինչ առաքելությամբ է Հրայր Թովմասյանը մեկնել Մոսկվա և արդյոք գործուղումը կապված է Սահմանադրական դատարանի աշխատանքների հետ, թե մասնավոր այց է։

Էդգար Ղազարյանը, սակայն հրաժարվեց պատասխանել մեր որեւէ հարցի՝ պատճառաբանելով, որ ինքը հեռախոսով հարցազրույցներ չի տալիս։ Մեր դիտարկմանը՝ մենք իրենից հարցազրույց չենք խնդրում, այլ տեղեկատվություն, որի տրամադրումն իրենց գործառույթն է, Ղազարյանը պահանջեց, որ գրավոր հարցում ուղարկենք.«Գրավոր հարցում ուղարկեք կպատասխանենք։ Ես հեռախոսով հարցազրույցներ չեմ տալիս։ Մենք բոլոր հարցադրումներին պատասխանում ենք գրավոր»,-ասաց Ղազարյանը։

Մենք ամեն դեպքում գրավոր հարցում ուղարկել ենք և պատասխանը կհրապարակենք ստանալուն պես, սակայն մեզ հասած տեղեկություններով, Հրայր Թովմասյանը Մոսկվա է մեկնել «իր հարցերը լուծելու համար»։ Կկրկնվի՞ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքը, դժվար է ասել։