Էրմինա Զախարովայի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը

«Մենք շփվում ենք, դեռ չենք մտածել հարաբերությունների հետագա ընթացքի մասին». Էրմինա Զախարովա
Էրմինա Զախարովա

Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովային հեռուստադիտողները ճանաչեցին «Ոսկե դպրոց» սիթքոմից: Ուկրաինական և հայկական արմատներով (Էրմինայի մորական պապն ուկրաինացի է) 21-ամյա Հերմինան Էրմինա դարձավ ռուսական դպրոցում սովորելու տարիներին, երբ ուսուցիչները դժվարանում էին արտաբերել իր անունը: Զախարովա ազգանունն էլ մայրիկից է վերցրել: Ասում է՝ բեմական կերպարի համար լավ է հնչում: Էրմինայի խոսքով` երբևէ չի մտածել էկրանից այն կողմ հայտնվելու մասին, թեև հեռուտատեսությունը միշտ հետաքրքրել է իրեն:

Tert.am Life-ը ամառային ֆոտոշարք  է իրականացրել Էրմինայի հետ և զրուցել մասնագիտական ուղու, անձնական կյանքի և այլ հարցերի մասին:

.

Երբեք չէի մտածի, որ էկրանից այն կողմ կհայտնվեմ

 

Դեռ դպրոցական տարիներից Էրմինան ու ընտանիքի անդամները վստահ էին՝ նա իրավագետ է դառնալու: Ավարտական՝ 12-րդ դասարանում էլ հոսքային ուսուցման ժամանակ նա ընտրել էր իրավագիտությունը: Սակայն, Էրմինայի խոսքով, ընդնունելության քննություններից մի քանի օր առաջ ընդունվեց Թատերական ինստիտուտ:

 .

«Այդ ժամանակ քույրիկս Թատերական ինստիտուտի առաջին կուրսում էր սովորում: Հաճախ էի գնում նրա փորձերին, ինձ վաղուց էր գրավել այդ ամենը: Հասկացա, որ իրավագիտությունն իմը չէ: Ոչ ոք պատկերացում չուներ, որ ես կկարողանամ ընդունվել, քանի որ մասնագիտական որևէ առարկա չէի պարապել: Առաջին քննության ժամանակ ծնողներս դրսում սպասում էին, քույրիկս ասաց՝ եթե կտրվես, չնեղվես, մյուս տարի կփորձես: Այդ մտքերով, տխուր մտա քննության ու ստացա 11 միավոր: Այդ ժամանակ 8 միավորն անցողիկ շեմն էր: Մասնագիտական երեք առարկայից էլ ընդհանուր դրական միավորներ հավաքեցի ու ընդունվեցի: Սկզբում ես ուսանեցի Հակոբ Ղազանչյանի կուրսում, հետո իմ ցանկությամբ տեղափոխվեցի Հրաչյա Գասպարյանի կուրս: Երեք տարի կուրսում ոչ մի դեր չեմ ունեցել: Դա պայմանավորված էր այդ շրջանում իմ ունեցած որոշակի առողջական խնդիրներով: Ինձ համար շատ դժվար էր նստել ու նայել ուրիշի փորձը, տեսնել ինչպես են մյուսները խաղում և չլինել այդ ամենի մեջ: Հիմա արդեն կուրսով բեմադրում ենք «Ութ սիրագորով կանայք» ներկայացումը, որտեղ խաղում եմ աղախնի՝ Լուիզայի դերը: Շատ հետաքրքիր կերպար է ինձ համար: Մի փոքր էլ ինձ հետ ընդհանրություն ունի։ Իրականում, երբեք չէի մտածի, որ էկրանից այն կողմ կհայտնվեմ: Իհարկե, մտածել եմ թատրոնում կամ հեռուստատեսությունում աշխատելու մասին, բայց կադրից դուրս»,-պատմեց Էրմինան։

.

Նա այժմ փոխադրվել է չորրորդ կուրս: Երիտասարդ դերասանուհին պատմեց, որ երրորդ կուրսում է սկսել նկարահանվել  գովազդային հոլովակներում, մասնակցել  քասթինգների, հենց այդ ճանապարհով էլ հայտնվել է հեռուստատեսությունում:

.

«Սեպտեմբեր ամսին ընկերուհիս զանգեց ու ասաց` քասթինգ կա, կուզե՞ս մասնկացել: Ինձ հետաքրքրեց, գնացի մեր սիթքոմի պրոյդուսեր Վաչեի և ռեժիսոր Կարենի հետ հանդիպման: Տեղում անցա փորձնական նկարահանումը, ասացին, որ կզանգահարեն: Անցավ մի քանի օր, մտածեցի՝ էլ չեն զանգի: Համակուրսեցիներիս հետ գնացել էինք մեր կուրսղեկի ամառանոց` հանգստի, զանգահարեցին ու ասացին, որ հաստատված եմ այդ դերի համար: Այնքան անհամբեր էի, որ ուզում էի շտապ քաղաք հասնել, բայց ասացին՝ կարող ես երկու օրից գալ: Սեպտեմբերի վերջ սկսվեցին մեր նկարահանումները»,-ասաց նա:

.

.

 

Մաշան ու ես մի ընդհանրություն ունենք՝ երբեք չհանձնվել

«Ոսկե դպրոց» սիթքոմում իր մարմնավորած Մաշայի կերպարը, Էրմինայի խոսքով, իր հետ որևէ առնչություն չունի: Ասում է՝ միակ ընդհանրությունն չհանձնվելու կարողությունն է: «Իրականում, շատ դժվար էր այդ կերպարը ստանալը: Մեր ռեժիսորն ամեն նկարահանման ժամանակ ասում էր՝ Էմ ջան, հասկանում եմ, դու այս կերպարի հետ կապ չունես, բայց հենց հիմա մտի դերիդ մեջ: Ես, ի տարբերություն Մաշայի, շատ դրական մարդ եմ: Միակ ընդհանրությունն այն է, որ ես էլ երբեք չեմ հանձնվում: Եթե մի բան վերցրել եմ իմ ուսերին, պետք է տանեմ մինչև վերջ»,- ասաց Էրմինան և ավելացրեց, որ սիթքոմի ստեղծագործական թիմն իրեն շատ է օգնել հնարավորինս հեշտ մտնելու կերպարի մեջ:

.

Նրա խոսքով` շատ են դեպքերը, երբ իրեն նույնացնում են կերպարի հետ. «Սիթքոմի վերջին սերիաներից հետո, երբ պարզվեց, որ Մաշան նույն բացասական կերպարն է մնացել, իմ ինստագրամյան էջն ուղղակի «պայթում» էր բացասական մեկնաբանություններից: Արամիկի դերակատարի` Արմեն  տատիկն էլ նայել է ու ասել՝ ես գիտեի, որ այս աղջիկը լկտի է:)»:

.

Շուտով Էրմինային հեռուստադիտողները կտեսնեն նոր՝ 25  մասանոց հեռուստասերիալում, որտեղ նա ներկայանում է հղփացած աղջկա կերպարում. ««Թունավոր սեր» հեռուստասերիալում նակարահանվելու համար մասնակցեցի քասթինգի, որին ինձ հրավիրեց ռեժիսոր Հարութ Շատյանի օգնականը: Անցնելով փորձանական նկարահանումը` հաստատվեց իմ դերակատարումը: Այստեղ մարմնավորում եմ հղփացած աղջկա՝ Լիային, որը Մերի Հակոբյանի հերոսուհու մտերիմ ընկերուհին է: Այստեղ էլ ստեղծագործական պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Նրանց ամեն հարցում օգնել են: Իմ ավագ խաղընկերներից Լուզիա Ներսիսյանը միշտ օգնում էր ինձ, ասում էր՝ կարող ես այս կամ այն կերպ ասել տեքստդ: Իհարկե, դա անում էր այն ժամանակ, երբ առանձին էինք լինում»:  

.

Հայտնիությունն ինձ չի փոխել, փողոցում քայլելիս նույն խենթն եմ

Էրմինայի խոսքով` հեռուստատեսությունում հայտնվելուց հետո իրեն շատերն են սկսել ճանաչել: Հայտնիությունը, նրա խոսքով, հաճելի է, բայց դա որևէ կերպ չի անդրադարձել իր տեսակի, կենսակերպի ու վարքագծի վրա։

.

«Ընկերներիս հետ քաղաքում քայլելիս նույն խենթ ու խելառ վիճակներն են մեզ մոտ: Ես և ընկերուհիս՝ մեր սիթքոմի դերասանուհի Լիանա Հակոբյանը, անգամ, խաղ ենք մտածել` «Ռիսկ». միասին քայլելիս մեկս մյուսին ինչ ասենք, պետք է անենք: Մի անգամ մտել էինք սուպերմարկետ, որտեղ ես մոտեցա ձուկիկներին ու բարևեցի նրանց:) Միակ փոփոխությունը երևի այն է, որ կարող են փողոցում մոտենալ ու խնդրել միասին լուսանկարվել: Իհարկե, հաճելի է, երբ քեզ տեսնում են ու ժպտում: Ինքս էլ հաճախ եմ ժպտում: Չեմ սիրում կյանքում տխուր լինել: Փորձում եմ ամեն օր կյանքից ավելի շատ դրական էմոցիաներ ստանալ»,– ասաց նա։

 

Շրջապատի համար չեմ ապրում, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս

Էրմինան իրեն որոշ չափով համարձակ է համարում։ Ասում է` ադրենալինի չափաբաժին ստանալու առիթը բաց չի թողնում: Նա կարծրատիպային է համարում մոտեցումը, որ արվեստի բնագավառի մարդիկ ավելի ազատ են լինում: Օրինակ` իր համար արգելք է բաց տեսարաններում նկարահանվելը: Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, հագուկապին, Էրմինան նշեց, որ այդ հարցերում առաջնորդվում է բացառապես իր ցանկությամբ, անում է այն, ինչ իրեն է դուր գալիս. «Օրինակ՝ ես ազատ եմ եղել մազերիս գույնը կտրուկ բացացնելու հարցում, քանի որ ինձ այսպես դուր է գալիս: Երբ շիկահեր աղջիկը կարճ շորտով քայլում է փողոցում, պարզ է, որ բազմաթիվ հայացքներ դեպի քեզ կուղղվեն, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Եթե դա ինձ դուր է գալիս, անում եմ տվյալ բանը, շրջապատի համար չեմ ապրում: Մասնագիտական առումով, իմ խաղի վերաբերյալ կարող եմ կարծիքներ լսել, բայց անձնական կյանքում մյուսների կարծիքն ինձ համար էական չէ»:

.

Իր հասակակիցների շրջանում, Էրմինային ամենից շատ բարկացնում է ձգտում չունենալն ու սեփական ուժերով որևէ բանի հասնելու փոխարեն ծնողներին պահանջներ ներկայացնելը: 

.

«Երիտասարդներից շատերը չեն աշխատում, բայց ուզում են ունենալ ամենալավ հեռախոսը։ Դա ինձ համար խորթ երևույթ է: Ես եթե որևէ բան եմ ցանկանում, պիտի ինքս աշխատեմ դա ունենալու համար: Իհարկե, անկախ նրանից` ձեռքիս գումար կա՞, թե» ոչ, մայրիկս միշտ տալիս է գումար, բայց ես այս տարիքից սովոր եմ ինքս վաստակել: Դեռ երկու տարի առաջ ձմեռային այգում «Էլֆ» էի աշխատում։ Առաջին աշխատավարձս ծախսեցի Նոր տարվա համար քույրիկիս ու մայրիկիս նվերներ գնելու վրա»,- պատմեց Էրմինան:

.

 

Մենք միմյանց համակրում ենք, բայց դեռ ընկերություն չենք անում

Էրմինան ասաց, որ 21 տարիների ընթացքում դեռ որևէ մեկին չի սիրել, բայց միշտ մտածել է՝ զուգընկերը պետք է լինի հենց իր ոլորտից: Առաջին անգամ նա հիմա է զգացմունք տածում հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ, թեև դեռ դժվարանում է դա սեր կոչել: «Իրականում սիրտս ազատ չէ, բայց դեռ ընկեր չունեմ: Ես համակրում եմ մեկին, նա էլ ինձ: Մենք այս փուլում պարզապես շփվում ենք ու դեռ չենք մտածել հարաբերությունների հետագա ընթացքի մասին: Նա նույնպես դերասան է, բայց առայժմ հայտնի չէ: Դերասանի կամ դերասանուհու համար շատ դժվար է շփումը ոլորտից դուրս, այս ասպարեզին լրիվ անծանոթ մարդու հետ: Հայ տղաներից շատերը չեն հասկանա՝ ի՞նչ է նշանակում առավոտյան վաղ գնալ նկարահանման ու գիշերվա 4-ին նկարահանումից հետ գալ: Դրա համար, ինձ չեմ պատկերացրել ոլորտից դուրս մարդու կողքին: Տվյալ դեպքում, մենք իրար շատ լավ հասկանում ենք»,- ասաց նա:

Էրմինան իրեն խանդոտ տեսակ չի համարում, նույնն էլ ակնկալում է այն մարդուց, ով կլինի իր կողակիցը: Ասում է, որ զուգընկերոջ կողմից արհեստական արգելքներն ու «չի կարելիներն» իր համար մերժելի երևույթներ են։ «Ինքը պետք է փորձի հասկանալ ինձ ամեն առումով, ոչ թե ասի` չես անելու այս կամ այն բանը։ Պիտի  խոսենք ու բացատրի, թե ինչու է այդպես մտածում: Իհարկե, նույնը պատրաստ եմ ինքս անել: ՀԱյն, որ Գոշի կերպարի հետ սիթքոմում սիրային հարաբերությունների մեջ եմ, պարզ է, որ դա ոչ թե ես եմ, այլ հերոսուհիս: Այդ կերպ մտածելով՝ խանդը անհիմն է դառնում»,- եզրափակեց նա:

 

Լուսանկարները՝ Johny Core-ի

Անահիտ Հակոբյան