Կարծում եմ՝ Վանեցյանի հայտարարությունն անսպասելի էր. ՀՀ վարչապետի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱԾ տնօրենի հետ կապված այլ հարցերի Վլադիմիր Կարապետյանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքը վարչապետի խոսնակն է, և Վանեցյանն այսօր որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը խիտ գրաֆիկ ունի, այդ պատճառով էլ չի կարողանալու հանդիպել Կառավարության շենքի մոտ բողոքող՝ զոհված զինծառայողների ընտանիքների հետ։

«Ես հիմա կճշտեմ, թե ով է ավելի հարմար կամ ով է ավելի լավ տեղեկացված այդ հիմնադրամի գործունեությանը և հասանելիությանը, եթե համապատասխան պաշտոնյա լինի, նա կհանդիպի բողոքողների հետ, եթե ոչ, ապա ես նրանց կմոտենամ»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակը։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, որի վերաբերյալ Վ. Կարապետյանն օրերս ասել էր, որ դեռ պետք է ճշտել, թե այն ով է գրել, ասաց, որ Վանեցյանն ինքն է հաստատել, որ հրաժարականի տեքստն ինքն է գրել։

Հարցին՝ համարո՞ւմ եք, որ Արթուր Վանեցյանը նախկին իշխանությունների կողմնակիցներից է, նա պատասխանեց, որ դրա հետ կապված Վանեցյանն արդեն տվել է մեկնաբանություն։

«Ուզում եմ պարզապես այդ օրվա կոնտեքստը հիշել, երբ վարչապետը՝ այսպես խնայողաբար բառերին մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև, և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Դրանից հետո առերեսվել այն հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, կարծում եմ՝ անսպասելի էր թե՛ իր, թե՛ իր թիմի ներկայացուցիչների համար»,- նշեց վարչապետի խոսնակը։

Ա. Վանեցյանի հետ կապված այլ հարցերի Վլադիմիր Կարապետյանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքը վարչապետի խոսնակն է, և Վանեցյանն այսօր որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցնում։