Վանեցյանն ընտրեց իր համար հարմար պահը․ ռուս փորձագետ

Հայաստանյան իշխանության ներսում ռուսամետ ֆիգուրներ հիմա կսկսեն հայտնվել, քանի որ այն, ինչի մասին Վանեցյանն իր հայտարարության մեջ գրել էր՝ հախուռնությունը, տարերայնությունը, ամեն դեպքում առկա են

168.am-ը գրում է․ «Նույնիսկ այնպիսի ստուգված և վստահելի անձինք, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, չեն ցանկանում մասնակցել Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ իրադարձությունների հետագա ընթացքին, ինչպես նաև կիսել նման մասնակցության հնարավոր քաղաքական հետևանքները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Նա հայտարարության մեջ նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Տրոֆիմչուկը նշեց, որ որքան էլ տարօրինակ հնչի, բայց Արթուր Վանեցյանի հրաժարականը բավականին պարզ է թվում: Ըստ նրա, նույնիսկ այնպիսի ստուգված և վստահելի անձինք, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, չեն ցանկանում մասնակցել Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ իրադարձությունների հետագա ընթացքին, ինչպես նաև կիսել նման մասնակցության հնարավոր քաղաքական հետևանքները:

«Հենց այդ պատճառով Վանեցյանը ենթարկվեց ակնթարթորեն, տոտալ և բիրտ քննադատությունների, այսպես կոչված, «սորոսականների» կողմից, որոնք կգնան մինչև վերջ: Ուստի այս ամենում ես չէի փորձի փնտրել ինչ-ինչ այլ պատճառներ, առավել ևս՝ հաշվի առնելով հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը: Վանեցյանն ընտրեց իր համար հարմար պահը»,- ասաց Տրոֆիմչուկը:

Ռուս քաղաքագետը նշեց, որ տեղի ունեցողի գլխավոր պատճառը, այդ թվում՝ իշխանության պառակտումը, «թավշյա հեղափոխության» արդյունքների բացակայությունն է: «Խոսքը ոչ թե դեկլարատիվ, այլ այնպիսի արդյունքների մասին է, որոնք հայ ժողովուրդը կարող է ձեռքերով շոշափել: Բացի դրանից, չկան և չեն կարող լինել ակնհայտ արդյունքներ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչը հիանալի կերպով հասկանում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Վանեցյանն է: Ես, որպես փորձագետ, բազմիցս նշել եմ, որ ժողովրդավարությունն ու լիբերալիզմն օրգանական կերպով փոխկապակցված են կոռուպցիային, դուր գա դա ոմանց, թե ոչ: Որպեսզի դրա դեմ պայքարն արդյունավետ լինի, հարկավոր է կառուցել ոչ թե արևմտյան տիպի ժողովրդավարություն, այլ սոցիալիզմ: Բայց ինչպես հայտնի է մեզ՝ նման նպատակներ «թավշյա հեղափոխությունն» իր առջև չի դրել»,- ասաց Տրոֆիմչուկը:

Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահը նշեց, որ Վանեցյանը, բնականաբար, ռուսամետ ֆիգուր չէ, նման ֆիգուրներ հայկական նոր իշխանությունների շրջապատում չեն եղել:

«Պարզապես Վանեցյանն ի սկզբանե հասկանում էր, գաղտնալսված հեռախոսազրույցները ևս դա հաստատում են, որ կտրուկ, քաոտիկ գործողությունները լուրջ հարցերում, ինչպիսին, օրինակ, ՀԱՊԿ-ն է, Հայաստանին մեծ և նույնիսկ, հնարավոր է, անուղղելի վնաս հասցնեն, այդ թվում՝ լարված հարաբերություններ ոչ միայն՝ Մոսկվայի, այլև՝ Նուր-Սուլթանի, Մինսկի և մնացածի հետ: Ի վերջո, ԱԱԾ տնօրենն առաջինը պետք է դա հասկանար: Բայց կարծում եմ, որ հայաստանյան իշխանության ներսում ռուսամետ ֆիգուրներ հիմա կսկսեն հայտնվել, քանի որ այն, ինչի մասին Վանեցյանն իր հայտարարության մեջ գրել էր՝ հախուռնությունը, տարերայնությունը, ամեն դեպքում առկա են:

Նոր խնդիրը, որը վարչապետի կողմից դրվել է պաշտոնից հրաժարված Վանեցյանի առջև, ժպիտ է առաջացնում, եթե չասենք, որ ծաղրուծանակի է նմանվում: Ռուսական շրջաններից մեկում տեղական բարձրաստիճան ղեկավարներից մեկին հրաժարականից հետո նշանակել էին կրկեսի տնօրեն:

Կարծում եմ, այստեղ նմանատիպ իրավիճակ է: Վանեցյանը, իհարկե, նախկինում ևս վերահսկում էր հայկական ֆուտբոլը, բայց հայկական հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն այս ֆոնին բավականին տարօրինակ է թվում: Լավ է, որ աշխարհի գավաթի եզրափակիչ չէ»,- նկատեց փորձագետը:

Գրիգորի Տրոֆիմչուկը գտնում է, որ Հայաստանի իշխանությունների համար այս հրաժարականն առանձնահատուկ հետևանքներ չի ունենա, քանի որ իշխանության գոյությունն առավել լուրջ և մեծ հարց է, քան նման բարձրաստիճան չինովնիկի հրաժարականը, առավել ևս՝ երբ այս հրաժարականը վերջինը չէ: «Սակայն Նիկոլ Վովաևիչն այս ամենից կարող էր համապատասխան հետևություններ անել՝ կանխելով քաղաքական իրադարձությունների բացասական զարգացումը, ուղղելով դիրքորոշումը մի շարք առանցքային ռազմավարական ուղղություններով»,- ասաց նա: