Ամերիկացին 1 րոպեում 98 մատիտ է կոտրել և հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այդահոյի նահանգի բնակիչ Դեւիդ Ռաշը ներկայիս ռեկորդին պատրաստվել է գրեթե մեկ տարի, բացի դրանից, ինչպես ընդգծել է ռեկորդակիրը, նախապատրաստվելիս ինքն օգտագործել է բամբուկե փայտիկներ կերակրի համար

ԱՄՆ-ի Այդահոյի նահանգի բնակիչ Դեւիդ Ռաշը վերստին մտել է Գինեսի ռեկորդների գրիք՝ 98 մատիտ ջարդելով մեկ րոպեում: Այդ մասին հայտնել է UPI գործակալությունը:

Ավելի քան 100 անգամ Գիննեսի ռեկորդների գրքում հայտնված Ռաշը գերազանցել է մեկ րոպեում 90 ջարդված մատիտ՝ ավելի վաղ սահմանված ռեկորդը: Նշանակալից իրադարձության համար նա հարթակ էր ընտրել իր նահանգի դպրոցներից մեկի կոնֆերենց-դահլիճը: Այն բանից հետո, երբ ռեկորդը գրանցվել է, Ռաշը ելույթ է ունեցել աշակերտների առաջ եւ նշել կրթություն ստանալու, մասնավորապես, բնագիտության ուսումնասիրման կարեւորությունը:

Նա պատմել է, որ ներկայիս ռեկորդին պատրաստվել է գրեթե մեկ տարի: Բացի դրանից, ինչպես ընդգծել է ռեկորդակիրը, նախապատրաստվելիս ինքն օգտագործել է բամբուկե փայտիկներ կերակրի համար, որպեսզի հարյուրավոր մատիտներ չգնի սոսկ դրանք ջարդելու համար:

Իր բլոգում նա հիշեցրել է, որ ավելի վաղ սահմանել է եւս մեկ «համանման ռեկորդ». մեկ րոեպում ջարդել է 118 վարունգ:

Իր ռեկորդները Ռաշը սահմանում է բնագիտական գիտությունների ժողովրդականացման՝ իր կազմակերպած արշավի շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: