Նրանք շատ նուրբ են զգում Արցախի խնդիրները և անաչառ են իրենց գնահատականներում

Ազատության համար պայքարի խորհրդանիշ համարվող Ֆրանսիայի օրենսդիրները չեն կարող Եվրոպայի մյուս ծայրում գտնվող Արցախի պայքարը ընկալել այլ կերպ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կատարված ֆրանսիացի պատգամավորների՝ Արցախ կատարած այցի ժամանակ:

«Հաճելի ու հագեցած երկու օր անցկացրինք ֆրանսիացի խորհրդարանականների հետ. ինչպես միշտ՝ նրանց վերաբերմունքը Արցախի հանդեպ անկեղծ էր: Նրանք շատ նուրբ են զգում Արցախի խնդիրները և անաչառ են իրենց գնահատականներում։

Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում նրանց դիրքորոշումը. ազատության համար պայքարի խորհրդանիշ համարվող Ֆրանսիայի օրենսդիրները չեն կարող Եվրոպայի մյուս ծայրում գտնվող Արցախի պայքարը ընկալել այլ կերպ։

Պարզապես բոլորը չէ, որ համարձակություն և կամք ունեն իրերը կոչելու իրենց անուններով։

Հուսանք, որ նրանց օրինակը վարակիչ կլինի…»,- գրել է նա: