Կգնա՞ դատարան Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ի դատավարության վերսկսման նախօրյակին գնաց «Ա1+»-ի եթեր եւ զարգացրեց իրենց հեղինակած տեսությունը

ՀԱԿ-ը, ինչպես միշտ, այս անգամ էլ «հակմեջ» արեց գործը: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ի դատավարության վերսկսման նախօրյակին գնաց «Ա1+»-ի եթեր եւ զարգացրեց իրենց հեղինակած տեսությունը, որից մինչ օրս ո՛չ իրենք եւ ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն է գլուխ հանել: Այդ տեսությամբ վիճարկվում է Սահմանադրական դատարանի լեգիտիմության, այլ խոսքով՝ օրինակարգության հարցը, բայց, ավաղ, ո՛չ իրավագիտության բնագավառում չոչ անող կոնգրեսական Զուրաբյանը եւ ո՛չ էլ նոր իրավական համակարգ ու նոր արդարադատություն ստեղծող Փաշինյանը ոչինչ չունեն իրենց ձեռքի տակ՝ ՍԴ-ի լեգիտիմության պակասի  թեզը հիմնավորելու համար: Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ այս ՍԴ-ն, որ Սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ երկրորդ նախագահի կալանքը, լեգիտիմ չէ:

Բայց քանի որ չկան պարոն Զուրաբյանի խոսքերը հաստատող հիմքեր, ենթադրում եմ, որ լեգիտիմ կլիներ այն ՍԴ-ն, որ կորոշեր ամրապնդել կալանքն ու այն դարձնել ցմահ: Լեւոն Զուրաբյանը բողոքում է՝ էս ի՞նչ է, ՍԴ-ն ցմահ անդամներ ունի, դա չի կարելի այդպես թողնել… Եվ այդ պահին հիշում ես, որ ՀԱԿ-ն այն ուժն է եղել, որ, կարելի է ասել, ՍԴ-ից դուրս չէր գալիս իր գանգատներով: Պարոն Զուրաբյան, իսկ ինչո՞ւ պատգամավոր եղած ժամանակ Ձեր կոտրած միկրոֆոնով մեկ անգամ չվիճարկեցիք այն օրերի ՍԴ օրինակարգության հարցը: Ամեն ինչ ՕՔ էր, այո՞, Գագիկ Հարությունյանն էր այնտեղ նստած: Հասկացե՞լ եք, գոնե, թե նա ինչու հեղափոխությունից հետո ափալ-թափալ հավաքեց իրերն ու գնաց: Գնաց, որ Հրայր Թովմասյանի օրը չընկնի ու չիմանա ինչ անել ոչ մի կերպ չօրինակարգացող հեղափոխական իշխանությունների եւ այդ իշխանություններին օրենքի ու պետության վրա «քսի» տվողների հետ:

Սեպտեմբերի 5-ին, այսինքն՝ ՍԴ  որոշման հաջորդ օրն իսկ, ՀԱԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նախ՝ ահ էին տվել Նիկոլ Փաշինյանին, թե՝ այ «անհասկացող», հակահեղափոխությունը ելել, քեզ խեղդում է, եւ ապա՝ դուխ տվել, թե քո ձեռքի տակ կա անհրաժեշտ գործիքակազմ՝ նման բան թույլ չտալու համար: Հետեւանքը եղավ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հանդիպումը, որից նույնիսկ Օսիպյանն էր վատացել: Տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանից խեր չկա, եւ նա այլեւս չի ցանկանում դատարանները շրջափակել (ի դեպ, որոշ տեղեկություններով՝ դատարանները շրջափակելու առաջին ակցիան կատարվել է ՀԱԿ-ի «հորդորով»), ՀԱԿ-ը որոշեց բոլոր ակտիվ մարդկանց հորդորել սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։ «Սեպտեմբերի 12-ը շատ կարեւոր օր եմ համարում, որովհետեւ այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը, եւ ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել»։ Ներողություն, իսկ ո՞ւր են հիմնավորումները, որ մեր ժողովուրդը կերջանկանա՝ իմանալով, թե «ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել» 2008թ. մարտի 1-ին «իմեննը» Քոչարյանի ձեռքով: Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն, թե ով է դա արել...

Իսկ գուցե թողնենք դատարա՞նը որոշի: Շարունակենք լսել Զուրաբյանին. «Ռոբերտ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի, որ ժողովուրդը չի ներում, որ ինքը կրակել է նրա վրա, որ ժողովուրդն է արդարադատություն պահանջում»: Այո, ժողովուրդն արդարադատություն պահանջում է եւ պահանջել է միշտ, բայց չէ՞ որ միանգամայն այլ հարց է, թե ովքեր են այս պահին փորձում խառնել ժողովրդին եւ ջրից չոր դուրս պրծնել՝ արդարադատության հերն անիծելով: Քոչարյանն այս պահին տանում է իր խաչը: Նա դատարանի առաջ է կանգնել: Իսկ ո՞ւր է էն «աղա փեսեն», որ «հաղթել» էր 2008թ. նախագահական ընտրություններում: Լսել եմ, մի առիթով ասել է, որ պատրաստ է որպես վկա ներկայանալ դատարան: Բա ինչի՞ է սպասում, ինչո՞ւ սեպտեմբերի 12-ին չներկայացավ եւ ժողովրդի հետ չերջանկացավ՝ լսելով «երջանիկ» լուրն այն մասին, թե ինչ «մեղսագործություններ են եղել» 2008թ. մարտի 1-ին: 

Պապի, մի հարց կարո՞ղ եմ տալ: Իսկ կասե՞ք ուր է Ալիկը՝ Ալեքսանդր Արզումանյանը՝ Լֆիկի խանութի բարիքներից օգտվողների ու ձեր թիմի «դալբայոբների» գործողությունները կարգավորող տղեն, որին Դուք գովում էիք՝ լավ էր, Ալիկ ջան, լավ էր: Փաշինյանի հայտարարությունն էլ ենք հիշում, թե «սիրտս փառավորվեց, երբ իմացա ոստիկաններից մահակներ ու վահաններ եք խլել», բայց դա ընդամենը մանկական հրճվանք է այն ամենի մոտ, ինչ տեղի է ունեցել Ձեր հայտարարություններից ու «կարգադրություններից» հետո: 

«Կարծում եմ, ամբողջ հասարակությունն այդ օրը ցույց պետք է տա, թե ինչ է սպասում՝ որպես արդարադատություն»: Սա էլ է Լեւոն Զուրաբյանն ասել, եւ ես նրա հետ լիովին համաձայն եմ: Հանրությունը, այո, ինչ-որ բան պետք է ցույց տա Մարտի 1-ի իսկական մեղավորներին, որպեսզի այսուհետ իր երկրում Մարտի 1 չլինի: Հակառակ պարագայում՝ բազմանալու են միայն շառլատանները, որոնք իրավական պրոցեսին զուգահեռ ամեն ինչ անում են այն տապալելու եւ սխալ տեղ տանելու համար:

hraparak.am