Կարող է վերադառնալ Սերժ Սարգսյանը. Ադիբեկյան

Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանին զրկեն քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից

ԲՀԿ-ն փորձեց զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, նույնիսկ հայտարարություն արեց, բայց չստացվեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, նոր քաղաքական հոսանքը փորձում էր փակել ամբողջ քաղաքական դաշտը՝ «Իմ քայլը» լիներ իշխանություն, «Լուսավոր Հայաստանը»՝ ընդդիմություն, բայց կարծես չստացվեց:

«ԲՀԿ-ն, որ օբյեկտիվորեն ընդդիմադիր ուժ է, ձայն չի հանում կամ շատ մանր հարցերի շուրջ ելույթներ են ունենում: Փաստորեն մեզ մոտ մեկ իշխանություն է, որն ինչ որոշում ուզում է, կարող է անցկացնել»,-ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ոչ համակարգային ընդդիմությունը լավագույն դեպքում կարող է ճանապարհ փակել:

«Որքան ինձ հայտնի է Ռոբերտ Քոչարյանի վերադարձն օրակարգային է: Կսպասեն, տեսնեն, թե դատական այս գործընթացն ինչով կավարտվի, եթե նա դատարանի որոշմամբ չզրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այդտեղ կարող է վերադառնալ Սերժ Սարգսյանը որպես երկրորդ դեմք, եւ պատմությունը գնա լրիվ այլ ուղիով: Եթե Փաշինյանը կարողանա այս ընթացքում տնտեսական հեղափոխության արդյունքները ցույց տա, նա ժողովրդի մոտ հեղինակություն կունենա»,-ասաց նա:

Իր հերթինհոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց. «Հայաստանում կա մեկ հեղինակություն, դիկտատորային հեղինակություն, դա վարչապետն է, ով որոշում է, որ Ամուլսարը պետք է աշխատի,  ու աշխատելու է: Ով որոշում է, որ երբ ինքն էր փողոց փակում եւ իր դեմ ոստիկան էին հանում, դա վատ էր, իսկ երբ իջեւանցին ծառ է կտրում, ու իր դեմ ոստիկան են հանում, դա լավ է», հայտնում է news.am-ը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, նա ընդգծեց, որ այսօր ընթացող դատական գործընթացը կապ չունի «Մարտի 1»-ի հետ, այն ուղղված է մեկ անձի ձերբակալմանը:

«Պարոն Փաշինյանը հասկանում է, որ ինքը դոմինանտ չի, որ երկրորդ դոմինանտ ուժի նկատմամբ կիրառում է խափանման միջոց: Եթե ինքը դոմինանտ լիներ, Քոչարյանի դուրսը լինելն իրեն չէր սպառնա: Երբ ինքն ընդդիմություն էր, իր նկատմամբ ոչ մի ռեպրեսիաներ չէին լինում, երբ նա սահմաններն անցնում էր:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելով Փաշինյանը դաշտը մաքրում է, որ մնա մենակ եւ իրեն հեշտ լինի առանց որեւէ հիմնավորման դոմինանտ երեւալ»: