Հրապարակվել է «ԿՀՎ լրտեսի» լուսանկարը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հաստատել այն, որ այսպես կոչված, ԱՄՆ լրտես Օլեգ Սմոլենկովին հասանելի են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների տվյալները

Հրապարակվել է Օլեգ Սմոլենկովի լուսանկարը, որին ամերիկյան լրատվամիջոցներն անվանել էին Կրեմլում Կենտրոնական հետախուզության գործակալ։ Ենթադրյալ լրտեսի լուսանկարը հրապարակվել է RTVI- ի կողմից։

Ամերիկացի լրագրողների տեղեկություններով, ենթադրյալ ամերիկյան լրտեսն այժմ ապրում է Վաշինգտոնի արվարձաններից մեկում` իր իսկական անունով, և պաշտպանված է ԱՄՆ իշխանությունների կողմից:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հաստատել այն, որ այսպես կոչված, ԱՄՆ լրտես Օլեգ Սմոլենկովին հասանելի են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների տվյալները: Միևնույն ժամանակ, Կրեմլում ասել են, որ այդ անունով տղամարդն իրականում աշխատել է մի քանի տարի առաջ նախագահի աշխատակազմում:

Հիշեցնենք` CNN- ը հայտնել էր, որ 2017 թվականին ԱՄՆ-ն, իբր, Ռուսաստանից ետ է կանչել իր «արժեքավոր գործակալին»՝ վախենալով, որ վերջինիս կբացահայտեն։ Մի շարք լրատվամիջոցներ նույնիսկ նշում էին «գործակալի» ենթադրյալ անունը, որը կարող էր լինել Օլեգ Սմոլենկովը, ով աշխատում էր Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատանը և Ռուսաստանի պետական ապարատում:

Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնի ենթադրյալ գործակալ Օլեգ Սմոլենկովը շտապում է լքել իր տունը Սթաֆորդում: