America's Got Talent-ի մասնակից, ամերիկահայ հայտնի պարող Վարդ Մարգարյանի հարսանեկան ֆոտոշարքը

Զույգն իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել էր Հայաստանում

Ամերիկաբնակ հայտնի հայ պարող, America's Got Talent-ի մասնակից Վարդ Մարգարյանն ու նրա ընտրյալը՝ մասնագիտությամբ հոգեբան Սոֆի Ժամհարյանը, սեպտեմբերի 9-ին միմյանց հավերժ հնազանդ եւ տեր լինելու խոստում են տվել: Զույգն իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել էր Հայաստանում, իսկ ֆոտոշարքը Վարդը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել հայրենիքում պսակադրվելու իր որոշման եւ հարսանեկան արարողության մանրամասների մասին:

«Քանի որ ես հայ եմ եւ իմ արմատները Հայաստանից են, եւ որ ամենակարեւորն է՝ իմ գեղեցկուհին Հայաստանում է բնակվում, ես մեծ ցանկություն ունեցա այստեղ՝ մեր ավանդույթներով ամուսնանալ եւ պսակադրվել  Հայ առաքելական եկեղեցում»,-ասում է Վարդը՝ հավելելով, որ արարողությունն ու խնջույքն անցել են հետաքրքիր իրադարձություններով լի.

«Հարսանիքն, ուղղակի, ֆանտաստիկ էր: Այն կհիշենք մինչեւ մեր կյանքի վերջը՝ շնորհիվ Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի: Խնջույքին ներկա էին մեր ծնողները, ընկերներն ու հարազատները: Ունեինք նաեւ արտերկրից հրավիրված հյուրեր»:

Զույգն այս պահին իրենց մեղրամիսն է վայելում Մալդիվներում: Վարդն ու Սոֆին հաճախ կայցելեն Հայաստան, սակայն ամուսնությունից հետո հիմնականում բնակվելու են ԱՄՆ-ում՝ Օռլանդո քաղաքում:

Ինչ վերաբերում է կյանքի նոր կարգավիճակին՝ Վարդը նշում է.

«Սա մի անբացատրելի զգաղոցություն է, որը կոչվում է հավերժ սեր: Շատ հուզիչ պահեր ապրեցի եկեղեցում պսակադրության ժամանակ»: