Կրել սեփական խաչը, նշանակում է սպանել բոլոր կրքերին

Մեր միջի հին մարդը, իր բոլոր հին ու հիվանդ բնավորություններով ու խասիաթներով պիտի մեռնի, ու նորը ծնվի

Ինչ է նշանակում կրել սեփական խաչը:
Երբ Տեր Հիսուսը մարդկանց կոչում էր հետևել իրեն, ասում էր, ուրացեք ձեր անձը, վերցրեք ձեր խաչը ու եկեք իմ ետևից: Շատերին թվում է, թէ սեփական խաչը կրելը դա դժվարություններին դիմանալն է: Օրինակ մեկը հիվանդ է, ասում է, «էս էլ իմ խաչն է», կամ ամուսիններն իրար հետ յոլա չեն գնում, բայց մի կերպ դիմանում են ու ասում են «իմ խաչն ա, կկրեմ»: Այս դիմանալն ու համբերելն իհարկե շատ լավ է, բայց սա այն չէ, ինչ ի նկատի ուներ Տեր Հիսուսը: Առաջին դարում խաչը մահապատժի գործիք էր: Հռոմեացիները ստիպում էին որ խաչով մահվան դատապարտվածն ինքը կրի սեփական մահվան գործիքը: Տեր Հիսուսն էլ դա արեց: Ուրեմն մենք էլ մեր անձը պիտի մահվան դատապարտենք: Բայց ինչպե՞ս: Մեր միջի հին մարդը, իր բոլոր հին ու հիվանդ բնավորություններով ու խասիաթներով պիտի մեռնի, ու նորը ծնվի: Ասենք իմ միջի հին մարդը բամբասկոտ էր, մեծամիտ, ինքնահավան, հպարտ, գոռոզ, անազնվի, ստախոս, կաշառակեր, եսասեր: Կրել սեփական խաչը, նշանակում է այս բոլոր կրքերին սպանել: Դա հին մարդն էր: Իսկ դրա փոխարեն մկրտությունից ծնվում է նոր մարդը՝ Քրիստոսասեր, բարի, մարդասեր, ներողամիտ, կարեկցող, իր բաժնից զրկող ու դիմացինի հետ իր հացը կիսող, խոնարհ ու համբերատար: Գիտե՞ք հիվանդությանը դիմանալն ավելի հեշտ է, քան վերհիշյալ չար կրքերին խաչելը: Սեփական խաչը կրելը առանց Քրիստոսի օգնությամբ չի լինում: Բայց եթե մնանք իր մեջ, ապա իր հաղթող օգնությունը կունենանք այս գործի մեջ: Հին մարդը պիտի մեռնի: Դուք չէք ուզի չէ՞ գնալ Աստուծո Արքայություն ու այնտեղ հավիտյան ապրել մարդկանց հետ ովքեր իրար տակ են քանդում, իրարից կաշառք վերցնում ու անարդարություն անում, իրար վրա վերևից նայում, կամ հիանում սեփական անձով ու դժգոհում բոլորից: Ուրեմն, այս տեսակ մարդիկ չեն մտնելու Աստուծո Արքայություն: Դրա համար Տեր Հիսուսն ասում է, ուրացեք ձեր անձը, վերցրեք ձեր խաչը ու եկեք իմ ետևից և ես ձեզ հավիտենական կյանք կտամ: Տեր Հիսուսին հետևելու գինը անչափելի բարձր է, բայց հատուցումն էլ՝ անզուգական:

Արմեն Հարեյան