Հայկ Մարությանի հրաժարականն ու ավագանու արտահերթ ընտրություններն անխուսափելի են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի գնահատմամաբ այսօր ունենք այն, որ Հայկ Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության աջակցությունը, այսինքն, գործ ունենք քաղաքական իրավիճակի փոփոխության հետ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է հրաժարական ներկայացնի, ինչը բխում է և՛ Երևանի, և՛ Նիկոլ Փաշինյանի շահերից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

«Գրեթե մեկ տարի է անցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից: Իմ գնահատականներով՝ այս մեկ տարին եկել է ապացուցելու, որ ի դեմս գործող քաղաքապետի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության, մենք գործ ունենք մի ղեկավար կազմի հետ, որը չի կարողացել տեր կանգնել մեկ տարի առաջ հանրությանը ներկայացրած իր նախընտրական խոստումներին: Մենք գործ ունենք կամ իրավիճակի չփոփոխության հետ, կամ որոշ ուղղություններով՝ ինչպես աղբահանության խնդիրն է, գործ ունենք իրավիճակի էլ ավելի բարդացման հետ: Հայկ Մարությանը պետք է ունենա մասնագիտական, մարդկային արժանապատվություն (ինչին դեռ չեմ կասկածում) հասկանալու, որ այդ ծանրաձողը, որն ինքը վերցրել է, իր ուժերից, իր քաշից վեր է: Նա պետք է թողնի դա, և Երևանում անցկացվեն նոր ընտրություններ»,- նշեց Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրներում անվտանգության այն բարձիկներն են, որոնք ճիշտ ժամանակին գործի դրվելու պարագայում երկրի քաղաքական համակարգը զերծ է մնում հնարավոր անկայունություններից:

«Նախորդ տարի «Իմ քայլը» ստացել է երևանցիների 80 տոկոսի աջակցությունը: Այսօր ունենք այն, որ Հայկ Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության աջակցությունը: Այսինքն, գործ ունենք քաղաքական իրավիճակի փոփոխության հետ: Մտեք ցանկացած բակ, այգի, փորձեք պարզել երևանցիների կարծիքը գործող քաղաքապետ Հայկ Մարությանի արդյունավետության վերաբերյալ, պատասխանը կլինի այսպիսին՝ «իրավիճակն այնպիսին էր, որ Նիկոլը, եթե նույնիսկ «պոլի փեդ» դներ, նրան էինք ընտրելու»,- ասաց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների այն պնդումներին, որ նախընտրական խոստումներն իրականացնելու համար 4-5 տարի ժամանակ ունեն, Սամվել Ֆարմանյանը նշեց. «Դա քաղաքական գործիչների կամ պետական պաշտոնյաների վերջին փաստարկն է, որ բերում են: Այդ հիմնավորումները գին չունեն: Անկեղծ ասած, ինձ համար ընդհանրապես պարզ չէ, թե ինչով է զբաղված քաղաքապետը: Պարզ է, որ ինքն իր տված խոստումների ձեռքը կրակն է ընկել»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Երևանում աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Իսկ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում աղբատար նոր մեքենաների ձեռքբերման լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»:

Սամվել Ֆարմանյանը քաղաքապետի և վարչապետի այս հայտարարությունների վերաբերյալ ասաց. «Բոլորս էլ քաղաքականությամբ զբաղվում ենք տասնամյակներ շարունակ, գիտենք Նիկոլ Փաշինյանի կողմից նման ձևակերպումներն ինչի համար են տրվում, ինչ հաշվարկներով և այլն: Կասկած կա՞ որևէ մեկի՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի, որ Հայկ Մարությանն այսօր չի վայելում երևանցիների մեծամասնության աջակցությունը։ Կասկած կա՞, որ երևանցիների կարծիքով Հայկ Մարությանն ապաշնորհ և ձախողված քաղաքապետ է: Իսկ Հայկ Մարությանն ասում է՝ սիրելի՛ երևանցիներ, դուք մի՛ հավատացեք ձեր աչքերին, հավատացեք ձեր ականջներին, այն, ինչը տեսնում եք, ճիշտ չէ, իսկ ես ձեզ ասում եմ, որ աղբահանության խնդիրը լուծված է»,- նշեց Սամվել Ֆարմանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: