Մաեստրո, ծնունդդ շնորհավոր. Վլադիմիր Սպիվակովը 75 տարեկան է

Սա Վարպետի միակ հոբելյանը չէ. այս օրերին իր հիմնադրման 40-ամյակն է նշում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ դարձել է համաշխարհային երաժշտական տարածքում ամենահռչակավորներից մեկը…

Այսօր 75 տարեկան է դառնում անկրկնելի երաժիշտ, Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Մոսկվայի Երաժշտության միջազգային տան նախագահ, ինչպես նաեւ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ» Վլադիմիր Սպիվակովը:

Ի դեպ, սա Վարպետի միակ հոբելյանը չէ. այս օրերին իր հիմնադրման 40-ամյակն է նշում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը, որը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ դարձել է համաշխարհային երաժշտական տարածքում ամենահռչակավորներից մեկը… Այս երկու նշանակալի օրերին է նվիրված նաեւ խորհրդային եւ ամերիկացի երաժշտագետ, լրագրող, գրող եւ բլոգեր Սոլոմոն Վոլկովի «Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» գրքի հայերեն հրատարակությունը:

Այս՝ առանց չափազանցության հիմնարար աշխատությունը լույս կտեսնի Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակչատանը: Գրքի ստեղծման գաղափարը պատկանում է Սաթի Սպիվակովային, իսկ ահա հայերենով թարգմանել առաջարկել են հայտնի գրաքննադատ Կլարիսա Պուլսոնը եւ Ելենա Շուբինան, առանց որոնց օգնության, ի դեպ, հնարավոր չէր լինի լուծել թարգմանության հեղինակային իրավունքի ձեռքբերման հարցը: Նշենք, որ Կլարիսա Պուլսոնի շնորհիվ այս տարի Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակչատանը լույս է տեսել նաեւ Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը:

«Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» գրքում Սպիվակովի մտքերը հայերեն «կհնչեն» Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի եւ «Transcript» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: Թարգմանությունը կատարել է Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահարուհի Սահենիկ Մաղաքյանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հատվածներ, որոնք, վստահ ենք, կօգնեն Մաեստրոյին ավելի լավ հասկանալ, բացահայտել նրա ստեղծագործության եւ խարիզմատիկ անհատականության սահմանները…

«Չեմ սիրում աչքի զարնող իրեր, կեղծ նոտաներ էլ չեմ սիրում՝ ո՛չ նվագախմբում, ո՛չ ջութակի վրա, ո՛չ կյանքում: Ամենաթանկարժեք բանը, որ պահում եմ ջութակի պատյանի մեջ՝ ծնողներիս նամակներն են, կնոջս, երեխաներիս, հորս եւ մորս, Լեոնարդ Բեռնսթայնի լուսանկարները: Եվ երեք աղոթք՝ առաջինը հայր Ալեքսանդր Մենի աղոթքն է, երկրորդը՝ ռուս մեծագույն փիլիսոփա Իվան Իլյինի վերջին աղոթքը, սպառիչ կերպով պարզ. «Պահպանիր իմ ազատությունը կյանքում եւ ստեղծագործության մեջ, քանի որ իմ ազատությունը Քո կամքի իրականացումն է»: Եվ եւս մեկը, գուցե ամենագլխավորը՝ մայր Թերեզայի աղոթքը, «Ես խնդրեցի…», որն ինձ համար կյանքում ուղեցույց է դարձել»…

«Անկեղծորեն խոստովանում եմ՝ ես ընդհանրապես համերգային մարդ չեմ. հուզմունքից մինչեւ հիմա չեմ ազատվել: Ելույթից առաջ մանթրաշը հանկարծակի հայտնվեց 14-15 տարեկանում, իսկ մինչ այդ ես ազատ էի նվագում, ասես հոսանքին համընթաց լողում էի: Մինչեւ որոշակի պահ ընդունակ, տաղանդավոր երեխան զուտ ինտուիտիվ է կյանքում առաջ գնում, նա նվագում է ներշնչմամբ, բայց նրա գիտակցությունը դեռեւս միացված չէ, նրա ռացիոնալությունը չի արթնացել: Եվ հանկարծ մի պահ է առաջանում, երբ երեխան մեծանում է եւ սկսում մտածել, իր վրա նայել ասես վերեւից՝ ինչպես, հավանաբար, լքվող մարմնի վրա թեւածող հոգիները: Նա սկսում է մտածել, թե ինչպես եւ ինչու է իր մոտ ստացվում կամ չի ստացվում: Ահա այսպես էլ սկսում է ամենասարսափելի, բեկումնային պահը»: