Վերջերս մի դեպք ունենք, որ հիմնադրամի տնօրենը գումարները հափշտակության եղանակով փոխանցել էր ամուսնու, մոր, դստեր հաշվեհամարներին, հետո նորից ստացել էր այդ գումարներն իր հաշվեհամարներին: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում քննարկվող մի օրինագծի, որով նախատեսվում է իրավապահներին հնարավորություն տալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալ ոչ միայն կասկածյալների եւ մեղադրյալների վերաբերյալ, այլեւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հետ առնչություն ունեցողների:
«Նախաքննությունը խոչընդոտի էր հանդիպել, որ բացի մեղադրյալից, մյուսների հաշվեհամարները չէինք կարողանում ստուգել: Դրա պատճառով նախաքննությունը 6-7 ամիս ձգձգվեց, մինչեւ նոր տվյալներ ձեռք բերեցինք, այդ անձանցից մեկին ներգրավեցինք որպես կասկածյալ, կարողացանք ստանալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Էդ լավ ասեցիք, եթե այս օրենքն ընդունենք, այլեւս կոռուպցիոն գործերի հետաձգման լեգիտիմ պատճառ չեք ունենա»:
Օրինագծի հետ կապված մտահոգություններ ուներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նշեց,. «Սա չի արվում նրա համար, որ իրավապահ մարմինների գործը հեշտանա, գան հարակից տեղեկությունը վերցնեն: Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով տեղեկատվական բուկետ վերցնեն ու սկսեն սարքել քրեական գործերի շարան»:
Վարչապետն էլ արձագանքեց. «Հիմա դուք ասում եք, որ եթե մենք A-ին գաղտնալսում ենք, պետք է ում նա զանգում է, ավտոմատ նրան չգաղտնալսե՞նք: Ամբողջ իմաստն այն է, որ իմանանք՝ ում է զանգում եւ ինչ է խոսում: Հակառակ դեպքում՝ հո գեղագիտական հաճույքի համար չե՞նք գաղտնալսում»:
Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մեկն ինձ զանգել է, որով հետաքրքրվում են իրավապահները, ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսեն: Եթե այն անձը, որի հետ ես խոսում եմ, նա նույնպես հետաքրքիր է դառնում իրավապահներին, պետք է գնան դատարաններով իրավունք ստանան նաեւ նրան գաղտնալսելու: Այս բոլոր գործերը կգնա եվրադատարան»:
Վարչապետ Փաշինյանը նկատեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:
0Comments