«Հրապարակ». Բոլթոնը գնում է, Պուտինը կգա. հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վ. Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաեւ Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլեւ որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող:

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին հարցրինք` այդ հրաժարականն օրակարգային փոփոխություններ կմտցնի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում․ հայտնի է, որ Բոլթոնն առավել կոշտ արտաքաղաքական մոտեցումների կողմնակից էր։ «Պետք է հասկանալ` ով է անվտանգության հաջորդ խորհրդականը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղությամբ են ընթանալու հարաբերությունները։ Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»:

Հանդիպումների ի՞նչ մակարդակ է սպասվում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ժամանակ։ «Հենց այս պահին, երբ Դուք այդ հարցն ուղղում եք ինձ, տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան»: Այն կանխորոշիչ կլինի՞ ապագա հանդիպումների համար։ «Իհարկե»:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վ. Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ: «Ես պարզապես գիտեմ, որ պարոն դեսպանը հայտարարել է` Վ. Պուտինը կգա Հայաստան»: Սկսել եք նախապատրաստվե՞լ այցին։ «ԵՏՄ նիստի նախապատրաստությունները սկսվել են կես տարի առաջ»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում։ «Ես նման ինֆորմացիա չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում