Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե. Հովիկ Աղազարյան

Եթե հանրաքվեի արդյունքում պարզվի, որ հանրության մեծ մասը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին հայտարարեց.«Կառավարությունը, նաև մենք՝ պատգամավորներս, պետք է վստահեցնենք ջերմուկցիներին, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, և այս ամիսների ընթացքում իրականացված քննարկումների արդյունքում, մասնավորապես՝ մեր բնապահպանների կատարած աշխատանքի շնորհիվ, նշաձողը շատ բարձրացված է, և այդ նշաձողի մի թեթև իսկ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնել հանքի շահագործումը։ Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հասարակ լուծում՝ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ և անցկացնել հանրաքվե իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության, և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը»:

«Եթե հանրաքվեի արդյունքում պարզվի, որ հանրության մեծ մասը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ: Մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետների վրա, որ ունեցել է, և կհայտնվեն թիմեր, որ կասեն հստակ՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք, և այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի որ իշխանությունները ղեկավարվում են ինչ-որ արտաքին ուժերի կողմից, Հ.Աղազարյանը պատասխանեց.

«Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև հեղափոխության հենց առաջին վայրկյաններից, նախապատրաստման նույնիսկ պահերից սկսած՝ ես եղել եմ ակունքներում, և վստահեցնում եմ, որ ոչ մի արտաքին ուժ չկա, և դրանով է նաև պայմանավորված հեղափոխության հաղթանակը, որովհետև ժողովուրդը վստահությամբ լցվեց այն քաղաքական թիմի նկատմամբ, որն ինքն էր ամեն ինչ կազմակերպում, և որևէ ուժի ազդեցության տակ չէր, և չկա այդ անհանգստությունը։ Հետևաբար՝ ես չեմ կիսում Ժիրայր Սէֆիլյանի տեսակետը, որ պետք է հաջորդ տարի լինեն արտահերթ ընտրություններ»։

«Իշխանությունների նկատմամբ վստահությունը դեռևս բավականին բարձր է, ժողովուրդը, հանրությունը կարող է անվստահությամբ լցվել իր, որևէ մարզպետի կամ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր:Ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Բայց դա քաղաքակիրթ լուծում է, որպեսզի բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին, ընդունեն, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի բավականին բարձր աստիճան, և հետևաբար՝ վստահեն, որ կառավարությունն իրականացնի այն քաղաքական ու տնտեսական կուրսը, որ այսօր որդեգրել է»,-հավելեց պատգամավորը,ում կարծիքով  թեև շատերն ասում են՝ սփյուռքից գումարներ կբերեն, միայն թե հանքը չբացվի, բայց այստեղ նաև պետության հեղինակության հարց է։