ԱԺ-ում մտցվեց «տատիկ» հասկացությունը

Տատիկին դժվար օրեր են սպասվում հոգեբանորեն

Ազգային ժողովում անշարժ գույքի հարկման մեխանիզմի փոփոխության վերաբերյալ քննարկումների ժամանակ ներմուծվեց «տատիկ» հասկացությունը։ Սկսվեց նրանից, որ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ է անելու Աբովյան փողոցում ապրող թոշակառուն, երբ նրա անշարժ գույքի հարկը բարձրանա։

Նրա օրինակը շարունակեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ասաց, որ երբ հարկը հաշվարկվի, բայց չվճարվի ու կուտակվի, դա մեծ բեռ է լինելու «տատիկի» ժառանգի համար։

«Այսինքն մենք նախորդիվ ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա բերում ենք «տատիկ» հասկացություն ենք մտցնում, ու ստեղ ասորտիմենտը՝ տեսականին, ընդլայնում ենք։ Տատիկին դժվար օրեր են սպասվում հոգեբանորեն։ Առանց այն էլ տատիկը թոշակառու է, մի հատ էլ էդ բեռը ավելացնե՞նք», – ասաց Մելքումյանը։

«Պողոսի տատիկն է, տենց պայմանական ընդունենք»,- արձագանքելով կատակեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մենք դեռ բազմաթիվ անգամ «տատիկի» մասին խոսելու ենք։ Եկեք ֆիքսենք հետևյալը․ էսօր բոլոր «տատիկները» և բոլորս անշարժ գույքի հարկը տալիս ենք շատ մոտավորապես ծիծաղելի գներ։ Մենք ենթադրում ենք, որ ավելացում կարող է լինի, բայց երկու անգամի մասին է խոսքը։ «Տատիկը» պայմանականորեն էսօր կարողանում է վճարել 25 հազար դրամ, վճարելու է 50 հազար դրամ Երևանի կենտրոնում։ Եվ եթե այդ 50 հազարը գույքին կպցնենք, պատկերացրեք քանի տարի էտ 50 հազարները պիտի հավաքվեն, որ վերջում «տատիկի» գույքից բան չմնա տակը»,- պատասխանեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։