Դիմահարդարման սխալները. մատիտի եւ շրթներկի աններդաշնակություն

Եթե շրթներկը բաց գույնի է, իսկ մատիտը՝ մուգ, դիմահարդարումը գռեհիկ տեսք է ստանում

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին: Դիմահարդարման մեջ եւս մեկ բացթողում է շուրթերի մատիտի եւ շրթներկի աններդաշնակությունը:

«Եթե շրթներկ եք գործածում, մի անտեսեք շուրթերի մատիտը, բայց այն ճիշտ ընտրեք եւ գծերի մեջ անփութություն թույլ մի տվեք: Ճիշտ ընտրված մատիտը շուրթերը գեղեցիկ դարձնելու գրավականն է, որի օգնությամբ շուրթերի ձեւն ավելի հստակ կլինի: Ամենից տարածված սխալներից է մատիտի եւ շրթներկի աններդաշնակությունը: Եթե շուրթերը ներկում եք մուգ շրթներկով եւ բաց գույնի մատիտով, դրանք տեսողականորեն փոքր են թվում: Իսկ եթե շրթներկը բաց գույնի է, իսկ մատիտը՝ մուգ, դիմահարդարումը գռեհիկ տեսք է ստանում:

Հարկավոր է զգուշություն ցուցաբերել նաեւ մատիտի օգնությամբ շուրթերը մեծացնելու փորձերին: Սահմանները նույնիսկ փոքր-ինչ անցնելն աննկատ չի մնա շրջապատից: Իսկ եթե շրթներկն անցնի, իսկ մատիտը մնա՞: Այն բեղերի կնմանվի: Եթե ցանկանում եք շուրթերն ավելի լիքը դարձնել, օգտագործեք պլամպեր (այս միջոցն առանց վիրահատական միջամտության 2-3 ժամով մեծացնում է շուրթերի ծավալը), շրթներկի երանգներով փորձարկումներ կատարեք»: