Նիկոլ Փաշինյանը կառավարությունում անցկացրեց խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Փաշինյանը քննարկման ժամանակ անդրադարձավ իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլ թեմաներին: Փաշինյանը «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցչին հարցրեց, թե եթե ահազանգ լինի, որ հանքի շահագործման պատճառով Ջերմուկի վրա ահռելի փոշի է նստել, կառավարությունը, հանրությունը ի՞նչ քայլեր կարող է այդ դեպքում կատարել:
«Համաձայն մեր մոնիտորինգային պլանին՝ մինչև Ջերմուկ հասնելը մենք ունենք տեղադրված կայաններ, որպեսզի կարողանանք մեր ստանձնած պարտավորությունները հսկել»,- պատասխանեց ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը:
Փաշինյանի հաջորդ հարցին՝ ի՞նչպես է երաշխավորելու, որ ընկերության իրականացրած մոնիտորինգի տվյալները համապատասխանեն իրականությանը, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ իրենք շահագրգռված են անել մի բան՝ ապահովելու, որ կառավարությունը և շրջակա համայնքների բնակիչները ունենան վստահություն «Լիդիանի» նկատմամբ:
«Մենք ավելի քան պատրաստ ենք քննարկել մշտադիտարկման կառուցվածքը, որը թույլ կտա վստահություն ներշնչել և՛ կառավարությանը և՛ շրջակա համայնքներին ժամանակին տեղեկացնելու մեր մոնիտորինգի ցուցանիշների և արդյունքների մասին»,-ասաց «Լիդիան»-ի ներկայացուցիչը:
Քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց նաև, որ կարող են օնլայն հավելվածի միջոցով ստուգել հանքի տարածքում օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները:
«Մինչև այս շատ աղքատ և հին սարքավորումներ են կիրառվել ու դեռ կիրառվում են, բայց փոխելու գործընթացի մեջ է»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ բացը մեկ տարվա ընթացքում լրացնել հնարավոր է:
0Comments