«Տավուշն աշխարհի աչքերով»

Սեպտեմբերի 17-ից 27-ը Տավուշում անց է կացվելու «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումը

Սեպտեմբերի 17-ից 27-ը Տավուշում անց է կացվելու «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումը։

Analitik.am-ի հետ զրույցում սիմպոզիումի կազմակերպիչ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը նշեց, որ Տավուշում են հավաքվելու աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ, ովքեր Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների հետ համատեղ բնակվելու և ստեղծագործելու են Հաղարծնի «Վանատուն» հյուրանոցում։

«Սիմպոզիումի գաղափարը ենթադրում է տարբեր մշակույթներ և նկարչական արվեստի ժանրեր ներկայացնող նկարիչների համատեղ շփում, հմտությունների փոխանցում և կուտակած հարուստ փորձի փոխանակում։ Մարզի մշակութային կյանքում բավականին լուրջ ներդրում ունենալուց բացի, սիմպոզիումը ներառում է նաև կրթական կարևոր բաղադրիչ»,- ասաց նա և հավելեց, որ տարբեր երկրների նկարիչները այցելելու են մարզի մշակութային կրթօջախներում, անց են կացնելու վարպետության դասեր, իրենց խորհուրդներով և փորձով օժանդակելու են ստեղծագործող երիտասարդներին։

Բացի դրանից, Թումանյանը հաղորդեց, որ արվեստագետները այցելելու են Երևանի թանգարաններ, ծանոթանալու են մասնակից երկրների մշակույթին և ավանդույթներին. «Հատկապես մեծ տեղ են գրավելու Հայաստանի մշակութային ժառանգությանը ծանոթացնելուն ուղղված միջոցառումները։ Սիմպոզիումի ծրագիրը նաև հնարավորություն է տալու մեր հյուրերին շրջագայելու Տավուշի մարզի լավագույն տուրիստական կենտրոններով»,- տեղեկացրեց Արմինե Թումանյանը` հավելելով, որ հաջորդ տարի Տավուշում նախատեսում է քանդակի սիմպոզում կազմակերպել, որն ի դեպ, խորհրդային տարիներին անց էր կացվում Իջևանում:

Նշենք, որ «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին «Հաղարծին» վանական համալիրի տարածքում:

Գոհար Ստեփանյան