Պուտինը դիտել է հին հայկական «Բերդը» Մոսկվայի օրվան նվիրված միջոցառմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի ազգային մշակույթը ներկայացնող ստեղծագործական խմբեր

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել են Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներ. Մոսկվան նշում է իր 872-ամյակը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի ազգային մշակույթը ներկայացնող ստեղծագործական խմբեր։

Տեղի բնակիչների և հյուրերի համար հնչել է նաև հայ անվանի գրող Եղիշե Չարենցի «Я солнцем вскормленный язык моей Армении люблю» բանաստեղծությունը հայերեն և ռուսերեն լեզուներով: Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի կատարմամբ դուդուկի ներքո հանդես են եկել «Հայաստանի ծաղիկներ» պարային համույթը, որը ցուցադրել է հնագույն հայկական «Բերդ» պարը:

Մոսկվայի օրվան նվիրված համերգին ներկա են եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Իր խոսքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է բնակիչներին և այցելուներին տոնի կապակցությամբ: