Թե ինչպես առավոտը դադարեց բարի լինել. զվարճալի լեգենդ

Ասում են՝ չարագործ զարթուցիչի պատճառով, մարդը դադարեց սիրել առավոտն, ու առավոտը դադարեց բարի լինելուց

Տարիներ առաջ, երբ աշխարհում մարդիկ երջանկություն էին միայն շնորհում, երկրի վրա ապրում էր առավոտը, որը միշտ բարի էր։ 

Առավոտը կարող էր շատ վաղ հյուր գալ մարդուն, նրան արթնացնել քնից ու իր հետ մի բաժակ սուրճ խմել, զրուցել դեսից ու դենից, հետո՝ հեռանալ։ Այդ տարիներին, քանի որ առավոտը միշտ բարի էր, մարդիկ էլ նրան շատ էին սիրում։ 

Ամեն օր Երկիր մոլորակի բնակիչները երազում էին, որ այդ օրն առավոտը հենց իրենց հյուր գա ու հենց իրենց տունը լցնի լավ տրամադրությամբ։ Երբեմն նրանք ժամանակից շուտ էին արթնանում, որ առավոտին կարողանան դիմավորել, նրա հետ գոնե մի բաժակ թեյ խմել ու վայելել մաքուր օդը։ 

Սակայն անցան տարիներ, ու տեխոլոգիաներն ավելի ու ավելի զարգացան։ Մարդը գնալով դադարեց երջանկություն փնտրել, որովհետև նրան ավելի ու ավելի շատ սկսեցին հուզել իր առօրյա հոգսերն ու խնդիրները, նա ավելի թաղվեց առօրեական թոհ ու բոհի մեջ։ 

Այդ ժամանակ էր, որ աշխարհում ստեղծվեց զարթուցիչը։ Ըստ լեգենդի՝ մի օր, երբ բարի առավոտը հերթական անգամ փորձում էր այցելել մարդուն ու նրա օրը դրականով սկսել, նա հանդիպեց զարթուցիչին։ Զարթուցիչն այնքան չարացած էր առավոտի հանդեպ, նրա հանդեպ, որ մարդիկ առավոտին իրենից շատ են սիրում, որ նրան մի լավ ծեծեց, ու այդ օրվանից սկսած՝ բարի առավոտի փոխարեն նա հայտնվեց մարդկանց տներում՝ ավելի ու ավելի չարացնելով մարդկանց վերաբերմունքն առավոտի հանդեպ ու վերցնելով նրա բարի համբավը։ 

Ասում են՝ չարագործ զարթուցիչի պատճառով, մարդը դադարեց սիրել առավոտն, ու առավոտը դադարեց բարի լինելուց...