Օլիգարխները միավորվում են, որպեսզի պաշտպանվե՞ն

Փաշինյանի հետ գործարքը հարցի լուծում չէ, դրանով իրենց չեն կարող ապահովագրել

Իշխանափոխության տենչ ունեցող հայ հանրությունը հեղափոխությունից հինգ պակաս եւ դրանից հետո իր սպասումներով երկու ճամբարի էր բաժանվել: Առաջինները սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կքաշի պատմական գիծը եւ
օր առաջ կգնա տնտեսական հեղափոխության, որ չի լինի հակառակը՝ որեւէ մեկին չի սպառնալու տնտեսական տեռոր, կուլակաթափություն, խոսքը բնականաբար նախկինների մասին է: Քանզի դա ենթադրում է ցնցումներ, կապիտալի արտահոսք, պետության անիվը հետ շրջելու անհեռանկար գործ:

Մյուս հատվածի հրամայականը արյունն էր վրեժխնդրությունը, բոլորին սննկացնելը բավարար չէր, նրանց պետք էր նաեւ լցնել բանտերը անցած տարիներին մեր կյանքը փչացնելու, երկրի զարգացումն արգելակելու գլխավոր մեղավորները պետք է ստանան արժանի պատիժ: Հեղափոխության առաջին օրերին կարծեք թե գնում էինք նախկիններից գումարները հետ վերադարձնելու ճանապարհով, ԱԱԾ-ն մեկ գիշերում ներխուժեց Սամվել Ալեքսանյանի պատկանող Սիթիներ, Սերժ Սարգսյանի եղբայրը 30 միլիոն դոլար վերադարձրեց ու այսպես մի քանի դեպքեր: Բայց շատ չանցած կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նշված երկու ճանապարհներից եւ ոչ մեկը չնախընտրեց, նա սեփական երրորդ ճանապարհով առաջ շարժվեց ու սլանում է ցայսօր, և այն ամենավտանգավորն է թե պետության համար, թե անձամբ իր որպես պետության ղեկավարի: Այդ ճանապարհն այն է, որ բացառությամբ մեկ-երկուսի, Փաշինյանը լեզու է գտնում նախկին օլիգարխներից ամենակարկառունների հետ, նրանք որոշակի գումար են վերադարձնում Փաշինյանին, որոնց ճակատագիրն անհասկանալի է, որեւէ մեկին հայտնի չէ՝ այդ գումարները ուր են գնում, պետական բյուջե, թե ասենք Փաշինյանի ընտանեկան գանձարան: Բացառությամբ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի, որոնց հարցում Փաշինյանն անձնական վրեժ ունի եւ չի ընկրկում գումարի չափից: Բայց հիմա ամենաուշագրավը՝ անկախ որեւէ գործարքի, Փաշինյանը ցանկացած պահի, ցանկացած մեկի հարցում կարող է այնպիսի որոշում կայացնել, ինչպիսին ինքն է ուզում:

Ամենացայտուն օրինակը Գագիկ Խաչատրյանի դեպքում է: Հեղափոխությունից հետո մեկուկես տարի պետության ամենահարուստ երբեմնի պաշտոնյաներից մեկն ապրում էր ազատության մեջ, նրան ոչ մեկ չէր ասում, աչքիդ վերեւում հոնք կա: Զուգահեռ տեղեկություններ էին տարածվում, որ Խաչատրյանը կարողացել է Փաշինյանի հետ փոխշահավետ պայմանավորվածության գալ, որոշակի գումարի դիմաց ստանալ ազատություն, ընդ որում՝ գումարի չափը բավական մեծ է: Բայց ընդամենը վերջերս Ամուլսարի աղմուկը խլացնելու նպատակով Փաշինյանը գնաց նրան ձերբակալելու ճանապարհով:

Սա բացառիկ ու միակ դեպքը չէ եւ ըստ այդմ վերջին ժամանակներում գործարար հատվածում մեծ տագնապներ կան, շատերը հասկացել են, որ իրենց լռությունը, քաղաքական պասիվությունը, անգամ Փաշինյանի հետ գործարքը հարցի լուծում չէ, դրանով իրենց չեն կարող ապահովագրել: Ոմանք հույս ունեին, որ եթե չհայտնվեն մամուլի էջերում եւ մնան ստվերում, գուցե ջնջվեն նաեւ Փաշինյանի հիշողությունից, իրականությունը սակայն մխիթարական չէ, եւ գործարարները քննարկում են միավորվելու, միասնական թիկունք ստեղծելու ու դիմակայելու մասին: Քանզի ոչ իրենց փողը, ոչ կապերը եւ ոչ էլ դրանց արդյունքում կայացած գործարքները դեռ հիմք չեն իրենց ազատ ապրելու համար: Անի Սահակյան` hayeli.am