Հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսներին ավտոմեքենաների կուտակումներ են լինելու

Մոտ 9.000-10.000 մեքենա է մտնելու Վրաստան, վրացիները չեն հասցնելու ղեկը փոխել, ես չգիտեմ, թե ի՞նչ է լինելու այդ մեքենաների ճակատագիրը

Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում (Սադախլո) կրկին մեքենաների կուտակումներ են: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան մի քանի շարքով մեքենաների կուտակում է եղել:

Ավտոներկրողները 168.am-ին հայտնեցին, որ կուտակումներն իրականում սկսվում  են Փոթիի նավահանգստից:

«Չեն հասցնում մեքենաները բեռնախցիկներից հանել: Երկու ամիս առաջ պատվիրել ենք, նավով եկել է,  հասել Փոթի, հիմա պետք է այնտեղից բեռնարկղերն իջեցնեն, բացեն, մեքենաները հանեն:  Վրաստանում 3 տերմինալ կա,  որտեղ որ բեռնարկղերը բացում են: Մեկը Բաթումում է, երկուսը՝ Փոթիում: Բաթումում ու Փոթիում GTE տերմինալով դեռ  հասցնում են բացել բեռնարկղերը, բայց Փոթիի մեկ այլ՝  APM տերմինալում այդպես չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ՝ ամեն տերմինալ օրը կարող է բացել 50 բեռնարկղ, 24 ժամվա մեջ 50 հատ են կարողանում բացել, ամեն բեռնարկղում 4 մեքենա է:

«APM տերմինալն օրը ստանում է 80 բեռնարկղ, բայց բացում է 50-ը: Այսինքն, օրը 30 բեռնարկղ իր մոտ ավելանում է: Այս պահի դրությամբ մեքենա կա, որ 1.5 ամիս է՝  չեն հասցրել բացել, այն ստանալու հնարավորություն չկա, ու սա շարունակական բնույթ է կրում: Այսինքն, մեքենա կա, որ 3-4 ամիս անց նոր  կկարողանան բացել: Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա, երբ մեքենան ստանում ենք, որ գանք Հայաստան, թղթեր պետք է ձևակերպենք: Այդտեղ 4 պատուհան է, զբաղվում են և՛ բեռնատար մեքենաների թղթերի ձևակերպմամբ, և՛ ներմուծվող ավտոմեքենաներով, ու մեծ հերթեր են կուտակվում: 8-12 ժամ տևում է այդ հերթը: Չի բացառվում, որ մինչև 2020 թվականը մարդիկ չհասցնեն այդ ղեկերը տեղափոխել աջից ձախ ու բերեն Հայաստան: Եթե թույլ տան ՀՀ-ում փոխել, գոնե մինչև հունվար  կբերեն»,- նշեց  նա:

«Լուրջ հարց է, հոկտեմբերից դեկտեմբեր  ամիսներին մեծ կուտակումեր են լինելու, հատկապես դա վերաբերում է Ճապոնիայից եկող մեքենաներին, որոնց ղեկը պետք է փոխվի:  Մոտ 9.000-10.000 մեքենա է մտնելու Վրաստան, վրացիները չեն հասցնելու ղեկը փոխել, ես չգիտեմ, թե ի՞նչ է լինելու այդ մեքենաների ճակատագիրը: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հարցին»,- հավելեց ավտոներկրողներից Զորիկ Իգիթյանը: