Ինչո՞ւ Էրդողանը միջուկային զենքի կարիք զգաց

Էրդողանը  գործի է դնում «հացի ու հանդիսության» ռազմավարությունը, որը զվարճացնում է թուրքական հանրությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այս շաբաթ այն մասին, որ երկիրը կարող է միջուկային զենք ձեռք բերել, բնորոշ խաղ է, որը խաղում են բռնապետները, երբ նրանց ուժը եւ հեղինակությունը սկսում են անկում ապրել, գրում է մեկնաբան Լ. Թոդ Վուդը Washington Times-ում։

Էրդողանը  գործի է դնում «հացի ու հանդիսության» ռազմավարությունը, որը զվարճացնում է թուրքական հանրությանը, մինչեւ որ ինքը կուժեղացնի իշխանությունն ու էլ ավելի կվերահսկի նրանց կյանքը։

Թուրքիայի նախագահը «զանգվածներին գնում է վիթխարի ենթակառուցվածքային նախագծերով եւ զինվորական խաղերով իրաքյան սահմանին՝ ակնհայտորեն փորձելով պահպանել իշխանությունը, խափանելով քաղաքական ընդդիմությունն ու թուլացնելով բարձրաստիճան զինվորական սպաների սպառնալիքը»։

Հեղինակը նշում է, որ լուրջ տնտեսական անկումը Թուրքիայում նշանակում է, որ Էրդողանը չի կարող երկար օգտագործել տնտեսական հաջողությունները, իսկ խոսակցությունները միջուկային զենքի մասին նրա լիազորությունների երկարացման նոր մարտավարության մասն են։

Գամբիտը ոչ այլ ինչ է, եթե ոչ խայծ, փորձ՝ շեղելու ընտրողի ուշադրությունը նրա վատացող տնտեսական խնդիրներից ու կուրծքը ծեծելու պատճառ տալու։ Այդ ընթացքում Էրդողանը կշարունակի նույն ձախողակ ֆիսկալ եւ քաղաքական քաղաքականությունը, որը Թուրքիային հանգեցրել է ներկա վիճակին։

Թուրքիան չունի ֆինանսական ռեսուրսներ եւ տեխնիկական գիտելիքներ միջուկային զենք ստեղծելու համար։

Իսլամիստ նախագահը նաեւ բազմիցս հայտարարել եւ սպառնացել է, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից ու կշրջվի դեպի Ռուսաստան եւ անգամ Ճապոնիա։ Ռուսական հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգերի գնումը՝ հակառակ Թրամփի վարչակազմի պահանջների եւ Եվրամիությանն անդամության արգելքի պահպանման, եւս մեկ նշան է, որ պառակտում կա Թուրքիայի եւ նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ, ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի անվտանգության համար։

Թրամփի վարչակազմի արձագանքն այս ամենին, ըստ երեւույթին, հիանալի գործողություն է՝ ուղղված Էրդողանի էգոյի ամրապնդմանը եւ նրա հնարավոր փոխարինման հույսերին, որն ավելի ընկալունակ կլինի Արեւմուտքի անվտանգության շահերի հանդեպ։

Թվում է, միջին վիճակագրական թուրքը փողոցում կարծում է, թե Էրդողանի ժամանակը սահմանափակ է։ Հարցը միայն այն է, թե որքան երկար նա կմնա իշխանությունում եւ որքան վնաս կհասցնի մինչեւ հեռանալը։