Թորոսյանը 1մլրդ 15մլն դրամով ավելացրել է Սամվել Ալեքսանյանի ԲԿ-ի բյուջեն. Թամամյան

Թամամյանն այսօր նշեց, որ ասուլիսից հետո ստեղծված աղմուկը կազմակերպվել է Առողջապահության նախարարի «PR» խմբի կողմից

«Արսեն Թորոսյանի ասուլիսը ոչ ոք չի խանգարել, ես մտել եմ, շատ քաղաքակիրթ լրագրողներին խնդրել եմ, որ ինչ-որ մեկն իր հարցերի տեղն ինձ զիջի, նրանցից մի քանիսը պատրաստակամ եղան, սակայն, ինչպես տեսաք, Թորոսյանը չցանկացավ պատասխանել այդ հարցերին»,-այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ. ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը մտավ ասուլիսի դահլիճ և ցանկացավ հարցեր ուղղել նախարարին, սակայն վերջինս ընդհատեց այն ու հեռացավ։
Նույն օրն ավելի ուշ՝ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե Թամամյանի՝ իր ասուլիսին գալը շոու էր՝ կազմակերպված ԵԲՊՀ-ի ռեկտորի կողմից։

Թամամյանն այսօր նշեց, որ ասուլիսից հետո ստեղծված աղմուկը կազմակերպվել է Առողջապահության նախարարի «PR» խմբի կողմից. «Շատ լավ գիտեմ՝ ում կողմից է դա կազմակերպվել և դրա պատասխանն էլ կտամ, ամեն ի՞նչի ժամանակը կգա։ Կազմակերպեցին աղմուկը, որպեսզի շեղեն իրական հարցերից։ Իմ հարցերից ոչ մեկի պատասխանը չտրվեց, ավելին, փորձ արվեց անցնել անձնական դաշտ, ինձ կապել տարբեր մարդկանց հետ»,-ասաց Թամամյանը։ Անդրադառնալով խոսակցություններին, թե իր քայլերը կապված են խորհրդատուի պաշտոնից դուրս գալու հետ, ուռուցքաբանն ասաց. «Երբ ինձ խորհրդատու կամ գլխավոր մասնագետ կոչվածն առաջարկել են, ես հրաժարվել եմ, ասելով, որ ինձնից ավելի կայացած մարդիկ կան այդ ոլորտում և կարող են օգտակար լինել։ Ասել եմ, որ Տանանյանը շատ լավ խորհրդատու կարող է լինել, քանի որ ինչպես նա է տիրապետում ուռուցքաբանության ոլորտին, ես երկրորդը չգիտեմ»։

Նա նշեց, որ իր պատմածների նամակագրությունները կան, և ինքն իր ամեն բառի համար պատասխանատու է։ Թամամյանը հայտնեց, որ իր մոտ կա հաշվետվություն, որում նշված է՝ նախարարը մի ծրագրով 7,5 անգամ բազմապատկել է իր կնոջ հիմնարկին տրված պետպատվերը։ Ուռուցքաբանի խոսքով, 2018թ.-ի տարեվերջին և 2019-ի տարեսկզբին նախարարության կողմից 1մլրդ 15մլն դրամով ավելացվել է «Աստղիկ» ԲԿ-ի բյուջեն։ «Աստղիկ ԲԿ-ն պատկանում է Սամվել Ալեքսանյանին, շատ ուրախ եմ, շատ լավ հիվանդանոց է, որը հայտարարություն տարածեց, որ իրենք ամբողջովին կողմ են նախարարի բարեփոխումներին։ Բնական է, ում էլ 2, 7 մլրդ դրամ տաս կողմ կլինի»,-ասաց ուռուցքաբանն ու նշեց, որ հետաքրքիր համընկմամբ նման մեծ գումարներ ստացած մասնավոր և պետական հիմնարկները հայտարարություններ տարածել։