Porsche-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամոբիլը

Bloomberg գործակալությունը նշում է, որ սկզբնապես ընկերությունը ներկայացրել է Taycan - Turbo S մոդելի ավելի թանկ տարբերակները
Porsche

Porsche ընկերությունը չորեքշաբթի օրը ներկայացրել է իր առաջին էլեկտրամոբիլը՝ Taycan սպորտային սեդանը: Այս մասին ասվում է Volkswagen կոնցեռնին պատկանող լյուքսային բրենդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դա Porsche-ի առաջին ավտոմեքենան է, որն աշխատում է միայն էլեկտրական շարժակով: Էկոլոգիական ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա միաժամանակ 3 խոշորագույն ավտոշուկաներում՝ ԱՄՆ-ում՝ Նիագարայի ջրվեժի մոտակայքում, Չինաստանում՝ հողմային էլեկտրակայանի մոտակայքում, եւ Գերմանիայում՝ արեւային էլեկտրակայանի մոտակայքում:

«Դա իրական Porsche է: Սակայն այն տարբերվում է նրանից, ինչը մենք ստեղծել ենք նախորդ 70 տարիներին: Porsche-ն իրեն նախապատրաստում է կայուն ապագայի համար»,- հայտարարել է համանուն ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն:

Bloomberg գործակալությունը նշում է, որ սկզբնապես ընկերությունը ներկայացրել է Taycan - Turbo S մոդելի ավելի թանկ տարբերակները, որոնց գինը կազմում է 185 հազար դոլար, եւ Turbo-ն՝ 150,9 հազար դոլար: Այդ մոդելի բազային տարբերակի արժեքը, գործակալության տվյալներով, պետք է կազմի առնվազն 100 հազար դոլար: Այն կհայտնվի շուկայում ավելի ուշ: Հաջորդ տարվա վերջին ծրագրվում է նաեւ թողարկել Grand Turismo դասի տարբերակները:      

Սովորական էլեկտրամոբիլներից Porsche-ն կտարբերվի մի շարք «լյուքսային» տեխնոլոգիական առանձնահատկություններով, օրինակ՝ մարտկոցների գերարագ լիցքավորում:

Porsche էլեկտրամոբիլի թողարկումը Volkswagen կոնցեռնի ռազմավարության մի մասն է: Գերմանական ավտոհսկան մտադիր է այդ նպատակով 30 մլրդ եվրո (33 մլրդ դոլար) ներդնել:

Volkswagen-ը, որն արտադրված ավտոմեքենաների թվով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, մտադիր է նաեւ առաջ անցնել էլեկտրամոբիլների շուկայում առաջատար, ամերիկյան Tesla-ից: Volkswagen-ի ղեկավարության ծրագրով՝ 2025թ. կոնցեռնի վաճառքների կեսը կլինեն էլեկտրամոբիլներով կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաները:

Այս ամիս Volkswagen-ը մտադիր է Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացնել համանուն ապրանքանիշի նոր էլեկտրամոբիլ՝ Volkswagen ID.3, որը կթիրախավորի զանգվածային շուկան: Ենթադրվում է, որ այդ ավտոմեքենայի արտադրությունը կսկսվի տարեվերջին: