«Դեռ մանկուց ինքս ինձ կրկնում էի՝ ուզում եմ դառնալ աշխարհի տիրակալ». Թյորներ

Ամերիկացի գործարար Թեդ Թյորները հիմնադիրն է «Turner Broadcasting System» և CNN ընկերությունների. թեև ոչ ոք չէր հավատում Թեդի հաջողություններին, բայց նա որոշեց իր սպորտային և մեդիա կայսրությունը ստեղծել
Թեդ Թյորներ.

Ամերիկացի գործարար Թեդ Թյորների (Ռոբերտ Էդվարդ Թյորներ, Ted Turner) գործունեության ոլորտը զանգվածային տեղեկատվական միջոցներն են: Նա հիմնադիրն է «Turner Broadcasting System» և CNN ընկերությունների: Նրա մասին միջազգային լրատվամիջոցները գրում են. «Մարդ, ով փոխեց մեր հայացքը հեռուստատեսության նկատմամբ»: Նա մարմնավորում է անվերջ ռիսկերի դիմող գործարարի կերպարը: Նրա ընկալմամբ՝ ամենամեծ ռիսկը ոչինչ չանելն է: «Դու պետք է միշտ օգտվես քեզ տրված շանսերից և ինքդ քեզ վեր բարձրացնես, քանի որ ևս 50 կամ 100 տարի չունես, որպեսզի կառուցես ֆինանսական այնպիսի հենք, ինչպիսին ունի «Time»-ը կամ «CBS»-ը»,- ասում էր Թեդը:

Թ.Թյորները ծնվել է 1938թ. նոյեմբերի 19-ին՝ Ցինցինատիում (Օհայո), զինվորականի ընտանիքում: Զինվորական հայրը խիստ մարդ էր և դաժան պատիժների էր ենթարկում նրան: Հոր և որդու փոխհարաբերություններում և ատելություն կար, և սեր: Նա սովորել է զինվորական մի քանի փակ ակադեմիաներում: Նոր դասընկերների կողմից մշտապես արժանանում էր թշնամական վերաբերմունքի և ստիպված էր պայքարել նոր փոխհարաբերությունների հաստատման համար: Փոքրուց սկսում է հույն դասականների գրքերը կարդալ: Նրա սիրելի հերոսներն էին Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոնը: Երկուսն էլ Թեդի արժեքային համակարգի ձևավորման ամենագլխավոր հերոսներն էր: Նա չէր վախենում կտրուկ և ռիսկային քայլերից, երբեք չէր մանրանում։ «Ես չեմ ընդունում թուլությունը, պարտությունը և անհաջողությունը: Իմ կուռքը եղել է Նապոլեոնը»,- ասել է նա:

Թեդը հոր կամքին հակառակ ընդունվում է Բրաունի համալսարան, որտեղ տարվում է առագաստանավային մարզաձևով: Մինչ այդ դիմում է Հարվարդի համալսարան, որտեղ, սակայն, նրան չեն ընդունում: Բրաունի համալսարանում հեշտությամբ է սովորում, քանի որ մանկուց շատ էր կարդում, և հումանիտար առարկաները նրան հեշտ էին տրվում: Հայրը նրան նամակ է ուղարկում, որում որդուն նախատում է հումանիտար կրթության համար: Թեդը սկսում է տնտեսություն ուսումնասիրել: Ի դեպ, այդ ընթացքում նա մի քանի անգամ առագաստանավային սպորտի ազգային և միջազգային մրցույթներում մրցանակակիր է դառնում: Թեդն ուսանողական տարիներին այնքան էր վեճ-վիճաբանությունների մասնակից դառնում, որ այդպես էլ համալսարանի դիպլոմ չի ստանում: Բրաունից նրան վերջնականապես հեռացնում են այն բանից հետո, երբ նրան հանրակացարանի սենյակներից մեկում բռնացնում են մի կնոջ հետ սեռական փոխհարաբերության ժամանակ:

«Առաջնորդիր, հետևիր կամ ճանապարհից հեռացիր»,- սա էր Թեդի կյանքի կարգախոսը թե բիզնեսում, թե անձնական կյանքում: Թ. Թյորների հոգեբանությունը պատկերացնելու համար նրա կյանքից մի դրվագ է հիշատակվում: 1979թ. նա մասնակցում է առագաստանավերի մի մրցույթի՝ «Համառները» խմբի անդամների հետ և, վտանգելով բոլորի կյանքը, հաղթում: Մրցույթի ընթացքում մեծ փոթորիկ է սկսվում, և Թյորները հենց փոթորկի թեժ կետում բացում է առագաստները և առաջ սլանում: Խմբի անդամները սարսափահար են լինում քամու և փոթորկի ուժգնությունից, սակայն Թեդն ինքնամոռաց և համառորեն առաջ է մղվում: Բազմաթիվ նավակներ են անհետանում, և 15 մարդ է զոհվում այդ օրը: Թեդին, սակայն, նպատակին հասնելու համար ոչինչ չի վախեցնում… Նրան կոչում էին «Ծովային գայլ»: 24 տարեկանում Թեդը մեծ հարված է ստանում. մահանում է հայրը:

Ընկերության՝ անընդհատ աճող պարտքերը վերադարձնել չկարողանալու պատճառով հայրն ինքնասպան է լինում: Հոր ողբերգական մահը ծանր ազդեցություն է թողնում Թեդի վրա: Հայրը մինչ մահանալը ընտանեկան ողջ բիզնեսը՝ Turner Billboards գովազդային ընկերությունը, պարտքերի պատճառով վաճառում է մրցակից ընկերության սեփականատերերին: Թեդը փաստի առջև է կանգնում. որևէ միջոց չուներ իր և ընտանիքի գոյության համար: Վաճառքից, սակայն, Թյորներ ընտանիքը որևէ գումար չէր ստացել: Թեդը հանդիպում է գնորդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին՝ փորձելով համոզել հոր հետ արված գործարքը չեղյալ համարել: Վերջինս հրաժարվում է երիտասարդ տղայի հետ զրույցից՝ հեգնանքով պատասխանելով. «Պարոն Թյորներ, եթե դուք ինչ-որ բանից դժգոհ եք, կարող եք դիմել դատարան»: Ավելին, նա շատ լավ հասկանում է, որ Թեդն այդքան գումար չունի լավ փաստաբան վարձելու համար: Փողոցներով միայնակ քայլելով և ստեղծված իրավիճակը վերլուծելով՝ այդ օրը Թեդն առաջին անգամ բարձրաձայն արտասանեց իր ամենահայտնի խոսքը՝ «Բիզնեսը պատերազմ է»: Նա որոշեց պայքարել բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Այդ ժամանակ առաջին անգամ դրսևորվեց Թեդի՝ մարդկանց համոզելու և նրանց իր կողմը քաշելու տաղանդը: Մի քանի օրվա ընթացքում նա հանդիպում է Turner Billboards-ի մի քանի գլխավոր աշխատակիցների հետ: Ինչ-որ կերպ նրանց համոզում է գործել կորպորատիվ էթիկայի որոշ կանոնների խախտումներով: Այսինքն՝ իրենց պաշտոնները զբաղեցնելով ոչ թե աշխատել նոր տերերի, այլ նախկին տիրոջ որդու համար: Ընկերության աշխատակիցները, համաձայնելով Թեդի մտահղացման հետ, հաճախորդների հետ բոլոր պայմանագրերը վերաձևակերպում են Թեդի նորաստեղծ ընկերության անունով: Այնուհետև Թեդը զանգահարում է Turner Billboards-ի նոր սեփականատերերին և սպառնում՝ երկու շաբաթվա ընթացքում Turner Billboards-ը վերադարձնել իրեն, հակառակ դեպքում ինքը կվերացնի ընկերության կարևորագույն բոլոր փաստաթղթերը: Տնօրենների խորհրդում հասկանում են հարցի լրջությունը և Թեդին առաջարկում են $200.000 վերցնել և գրողի ծոցը գնալ: Կամ՝ դատարան կդիմեն և լավագույն փաստաբանների օգնությամբ ողջ կյանքում Թեդին պարտքի տակ կգցեն և բանտ կնետեն: Եվ 2-րդ տարբերակով՝ Թեդին առաջարկում են գովազդային այդ ընկերության համար իրենց վճարել $200.000: 30 վայրկյան էր Թեդին տրված որոշում կայացնելու համար: Նա, սակայն, ոչինչ չունենալով, նախընտրում է երրորդ տարբերակը։ «Ես ձեզ կվճարեմ այդ $200.000-ը, իսկ հիմա չքվեք իմ գրասենյակից»,- պատասխանում է նա:

Հակառակորդները համաձայնեցին, իսկ Թեդը հետագայում նրանց գումարի փոխարեն իր ընկերությունից փոքրիկ բաժնեմաս տվեց: Արդյունքում Թեդը վերադարձրեց հայրական «բիզնեսը»՝ առանց որևէ կոպեկի: Նա 7 տարի ղեկավարեց գովազդային բիզնեսը:

Թեև ոչ ոք չէր հավատում Թեդի հաջողություններին, բայց նա որոշեց իր սպորտային և մեդիա կայսրությունը ստեղծել:

1970թ. Թ. Թյորներն իր ղեկավարության տակ վերցրեց UHF-K-17 համակարգին պատկանող, Ատլանտայում հեռարձակվող մի հեռուստաալիք, որը Ատլանտայի 4 հզոր ալիքների շարքում վերջին տեղն էր զբաղեցնում: Atlanta TV Station-ը բացարձակ անդեմ մի հեռուստաալիք էր, որը նվազագույն տեղեկատվություն էր հեռարձակում: Օրիգինալ որևէ հաղորդաշար չկար, փոխարենը սև-սպիտակ ֆիլմեր էին անվերջ կրկնում: Ընդամենը 3 տարվա ընթացքում Թյորներն այն վերածում է շահույթ բերող ընկերության:

Մեկ տարի անց՝ 1976թ. Թեդը որոշում է զբաղվել այլ բիզնեսով: Նա սպորտային մի քանի թիմեր է գնում: Կարելի է նույնիսկ ասել, որ նա Ատլանտայում սպորտի, մասնավորապես՝ բեյսբոլի փրկչի դեր էր ստանձնել: 40 տարեկանում Թեդն արդեն մեծ համբավ ուներ երկրում: Ամերիկայի հարավում նա արդեն ռադիոկայան և հեռուստաընկերություն ուներ, նրան էին պատկանում բեյսբոլի և բասկետբոլի մեկական թիմեր: Թեդը հայտնի էր որպես առաջադեմ և հաջողակ գործարար:

1977թ. Թեդը որոշեց գրավել աշխարհը. Ի տարբերություն Մակեդոնացու` նա աշխարհը գրավեց 20-րդ դարի գործիքամիջոցով` արբանյակային հզոր հեռուստատեսությամբ, որի հաղորդումները կհեռարձակվեն աշխարհով մեկ: Նման բան կարող էր անցնել միայն նրա նման «խելագարի» մտքով, հատկապես, երբ ամերիկյան հեռուստաեթերում իշխում էր գերհզոր եռյակն` ի դեմս ABC, NBC և CBS հեռուստաընկերությունների: Թեդ Թյորները սկսեց շուրջօրյա լրատվական CNN(Cable News Network) հեռուստաալիքի ստեղծման աշխատանքները՝ սկզբնական փուլում ներդնելով 100մլն դոլար: Նրա մտերիմները, որ չէին պատկերացնում և չէին հավատում Թեդի նախաձեռնությանը, խնդրում էին հիմարություն չանել և ունեցվածքը չվատնել: Իսկ ընդամենը 2 տարի անց՝ 1980թ., երբ արդեն CNN-ը եթերում էր, Թյորների գործունեության մասին հոդվածները չէին դադարում ողողել ամերիկյան ամբողջ բիզնես մամուլը… Թեդը որոշեց լրատվական հաղորդումների թողարկման նոր ռեժիմ սահմանել: Ի տարբերություն իր մրցակիցների, որոնք 1 ժամում 2 թողարկում էին ունենում, օրինակ` ժամը 18:00-ին և 18:30-ին, նա փոխեց թողարկման ցանցը` առաջին թողարկումը սովորականից 5 րոպե ուշացումով թողարկեց, իսկ երկրորդը սկսվում էր լրատվական հաջորդ ժամից 25 րոպե շուտ: Այդպիսով նա հաղթեց իր մրցակիցներին: Թեդը երբեք չէր միջամտում CNN-ի լուրերի, հաղորդումների բովանդակային հարցերին. նրան միայն հետաքրքրում էին եկամուտները:

Մի քանի տարի անց CNN-ը, ինչպես Թյորների բոլոր մյուս նախագծերը, սկսեց մեծ հաջողություններ ունենալ և եկամուտներ բերել: 1982թ. Forbes ամսագիրը Թեդ Թյորներին դասեց Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց շարքին: Չնայած դրան՝ Թեդն ասում էր. «Forbes-ի հրապարակած` Ամերիկայի ամենահարուստ մարդկանց ցուցակները քանդում են մեր երկիրը: Այդ նոր` սուպերհարուստները արկղերով փողեր են կուտակում` վախենալով այդ ցուցակներից դուրս շպրտվել: Ֆինանսական բոլոր միջոցները գտնվում են սահմանափակ թվով մարդկանց ձեռքին, որոնք չեն ուզում որևէ բան ձեռնարկել, «կիսվել»: Այդ երևույթը վտանգավոր է և իրենց համար, և երկրի: Միգուցե ֆրանսիական նոր հեղափոխություն սկսվի, և հայտնվի մի նոր մադամ Դեֆարժ, որը նրանց իրար կկապի ու կուղարկի քաղաքի հրապարակ… և նրանք կզրկվեն իրենց գլուխներից»:

Երկու տարի անց CNN-ի հաղորդումները արբանյակային կապի միջոցով սկսեցին հեռարձակվել գրեթե ամբողջ աշխարհով մեկ: 1985թ. Թ. Թյորները 1.5 մլրդ դոլարով ամերիկահայ գործարար, մեծահարուստ Քըրք Քըրքորյանից գնեց Metro Goldwin Meyer (MGM) կինոստուդիայի ֆիլմադարանը: Կարճ ժամանակ անց, իհարկե, նա ստիպված եղավ վաճառել այն՝ շատ ծախսատար լինելու պատճառով: Պարտքերը մարելու համար նա վաճառեց TBS-ի իր 83% բաժնեմասի 40 %-ը: Բայց միևնույն է, նա շահող դուրս եկավ, քանի որ այդ ֆիլմարխիվի արժեքն այնքան բարձրացավ, որ այսօր արդեն, բացի ֆիլմերից, TBS-ի կայսրությանն են պատկանում նաև TNT հեռուստաալիքը, Castle Rock Entertaitment և Turner Pictures կինոընկերությունները, New Line Cinema կինոթատրոնների ցանցը: Թյորների հոլդինգը վերանվանվեց Turner Broadcasting System (TBS): 1996թ. Թ. Թյորները TBS-ը 7.4մլրդ դոլարով վաճառեց Time Inc. ընկերությանը: Իսկ Time Inc.-ի և Warner Brothers կինոստուդիայի միավորումից հետո Թյորները նորաստեղծ Time Warner հոլդինգում զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը՝ ստանալով 10% բաժնեմաս:

Թյորները հետագայում իր անձնական միջոցներից միլիոնավոր դոլարներ է հատկացնում բարեգործական հսկայածավալ նախագծերի, ինչպես նաև ներդրումային որոշ ծրագրեր է իրականացնում: Օրինակ, 1999թ. Թյորները հայտարարել էր, որ 34 մլն դոլար կփոխանցի Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ)՝ որպես փոխհատուցում այդ կազմակերպությանը ԱՄՆ-ի ունեցած պարտքի: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչները հաղորդել էին, որ թեև Թյորների առաջարկը Կոնգրեսի կողմից հավանության չի արժանանա, սակայն կառավարությունը հայտնի գործարարի այդ նվերը կընդունի:

1991թ. 5 երեխաների հայր Թ. Թյորները երկրորդ անգամ ամուսնանում է Հոլիվուդյան կինոաստղ Ջեյն Ֆոնդայի հետ, ով ակտիվ պայքար էր մղում աշխարհի խաղաղության համար: Այդ ժամանակ «People» ամսագիրն այս զույգին անվանել էր տարվա ամենահզոր ամուսնական զույգ: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Թեդի՝ Ֆլորիդայում գտնվող հսկայական արվարձանում՝ Ջեյնի 54-ամյա տարեդարձի օրը: 5 տարի անց Ամերիկան ցնցվեց սենսացիոն լուրից. Թեդը և Ջեյնը ամուսնալուծվեցին: Թեև ամուսինները խուսափում էին մեկնաբանել իրենց ամուսնալուծության պատճառները, սակայն Թեդը լրագրողներից մեկի հետ զրույցում ակնարկել էր. «Ջեյնը ուզում է, որ ես սուրբ դառնամ: Բայց ես սուրբ չեմ»:

1993թ. CNN-ը, հեռարձակելով Ռուսաստանի Գերագույն խորհրդում տեղի ունեցող «գրոհ»-ի ուղիղ հեռարձակումը` մեծ հաջողության հասավ հեռուստադիտողների շրջանում: Նույնիսկ ռուսական հեռուստաընկերությունները CNN-ի նյութերն էին ցուցադրում:

2002թ. Թեդը ստեղծեց Tedգs Montana Grill ռեստորանային ցանցը, որը բիզոնի մսով ճաշատեսակներ է մատուցում: Նա հսկայական հողատարածքներ գնեց և սկսեց բիզոններ բազմացնել և միսն օգտագործել ռեստորաններում, որպես հիմնական ճաշատեսակ: 2003թ. Թեդն իր իսկ ստեղծած Time Warner մեդիակայսրությունը, այդ թվում` CNN-ը, վաճառեց` հրաժարվելով անգամ տնօրենների խորհրդի անդամությունից: CNN-ից նա իրեն թողեց ընդամենը 1% բաժնեմաս: «Այս քայլն անելուց առաջ ես երկար մտածել էի»,- հրաժարականի մեջ գրել էր նա:

Ըստ ինտերնետային նյութերի

168.am