«Սանիթեքը» դիմեց սաբոտաժի. պայմանագրերի խզումն անխուսափելի է. «Ժամանակ»

Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախօրեին տեղեկացրել էր, որ «Սանիթեքի» տոտալ ձախողումն իր իրավական հետեւանքները կունենա

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի կողմից 300 միլիոն դրամ տուգանքից հետո արդեն 5 օր է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում բացարձակ աղբահանություն չի իրականացնում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ «Սանիթեք» ընկերությանը աղբահանության աշխատանքները պատշաճ չկատարելու համար վճարել էր 300 միլիոն դրամ պակաս գումար: Այս փաստը, ըստ էության, վրդովվեցրել էր «Սանիթեք» ընկերությանը, որն էլ այդ օրվանից առհասարակ աղբահանություն չի իրականացնում: Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախօրեին տեղեկացրել էր, որ «Սանիթեքի» տոտալ ձախողումն իր իրավական հետեւանքները կունենա:

«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը: Գործող օրենսդրությամբ եւ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է «Սանիթեքի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, եւ քաղաքապետարանի կիրառած յուրա­քանչյուր տուգանք հիմնված է փաստարկված եւ արձանագրված դեպքերի վրա:

Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետեւանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, եւ այս առումով «Սանիթեքը» վստահաբար բացառություն չէ»,- տեղեկացրել է քաղաքապետարանի խոսնակը եւ հավելել. ««Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսեւորում, որը, անշուշտ, իր իրավական հետեւանքները կունենա»:

Նշենք, որ ներկայումս մայրաքաղաքի աղբահանության աշխատանքներն իրականացնում է միայն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որի տեխնիկական ռեսուրսները եւ աշխատակազմը շարունակաբար համալրվում են:

Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը միանշանակ իրավական գործողություններ պետք է կիրառի «Սանիթեքի» նկատմամբ, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ ընկերությունը դիմում է բոյկոտի, սաբոտաժ է իրականացնում: «Չեմ կարծում, որ այն վճարումները, որը կատարում է քաղաքապետարանը, բավարար չէ թեկուզ եղածի չափով աշխատանք կատարելու համար:

Իսկ եթե դա չի արվում, ապա անպայման պետք է դրան տրվի իրավական հետեւանք»,- ասաց Խաժակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում