Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը զրուցել են սպորտ-քաղաքականություն թեմայի շուրջ:
Զրուցակիցները կարծում են, որ ժամանակակից իրադրություններում կյանքի տարբեր բնագավառների դերակատարության ընկալումները փոխվել են, և դա վերաբերում է նաև սպորտին: Զրույցի ընթացքում նրանք քննարկում են, թե ինչ ընկալումներ ուներ սպորտը 20-րդ դարում, ինչ դերակատարություն է ունեցել այն դրանից առաջ և թե ինչ դերակատարություն ունի այսօր:
Ֆարմանյանի խոսքով՝ եթե մարդկության պատմության նախորդ փուլերում կային պատերազմներ, որտեղ ժողովուրդները մեկը մյուսի հետ պատերազմելով՝ հաղթում կամ պարտվում էին և բխող հետևանքներից ձևավորվում էր հաղթողի կամ պարտվողի հոգեբանություն, ապա ժամանակակից աշխարհում պատերազմների պարբերականության քչացմամբ պայմանավորված՝ մրցակցությունը ապահովում է սպորտը:
Ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի՝ Հայաստանում սպորտի կարևորությունը ճիշտ չի ընկալվում. մեզ մոտ սպորտը նույնականացվում է զուտ զվարճանքի կամ պահի զգացումների հետ, բայց սպորտը միայն դա չէ՝ մանավանդ թիմային սպորտը: Սպորտը ազգային ինքնակազմակերպման ձևերից մեկն է, ոչ պակաս կարևոր, քան քաղաքականը կամ տնտեսականը:
0Comments