«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Թրամփի «սերենադը» Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան պարբերականը մոնտաժված տեսահոլովակի հեռարձակումը Կրեմլի աջակցությունը վայելող հեռուստատեսության եթերում որակել է Դոնալդ Թրամփին ծաղրի ենթարկելու ակնհայտ փորձ

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքն այս շաբաթ իր եթերում ցուցադրել է երաժշտական հոլովակ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը վերածվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված «սերենադի»: Տեսանյութում Թրամփը «երգում» է Շոն Մենդեսի և Կամիլա Կաբելոյի Senorita երգը:

Ամերիկյան The Hill  պարբերականը մոնտաժված տեսահոլովակի հեռարձակումը Կրեմլի աջակցությունը վայելող հեռուստատեսության եթերում որակել է Դոնալդ Թրամփին ծաղրի ենթարկելու ակնհայտ փորձ:

Տեսահոլովակում Թրամփի «կատարմանն» ուղեկցում է Վլադիմիր Պուտինը՝ դաշնամուր նվագելով:

Տեսանյութը հեռարձակվել է «60 րոպե» հաղորդման ժամանակ: 

Հիշեցնենք, որ The Guardian պարբերականն օրեր առաջ հոդված էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող G7 գագաթնաժողովում վիճել է «Մեծ յոթնյակի» իր գործընկերների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ՝ մերժելով իր այդ պահանջին դեմ հանդես եկած մյուս առաջնորդների փաստարկները: