Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ: Hayeli.am-ի տեսանյութի համաձայն՝ մայրերից մեկը բողոքեց. «Բոլոր իրեղեն ապացույցները կոծկել են, փակել են, գցել կողքի, հիմա Տեր-Սահակյանը որպես փորձագետ նստել է ու ինքը ոչ մի մաքուր գործ չի անի: Առաջին հանցագործը, ես հայտարարում եմ, որ Տեր-Սահակյանն է: Հենց իրենից պետք է սկսվի, որովհետև ինքը եղել է ռազմական ոստիկանության պետը: Ո՞նց կարող է ինքը այսօր լինել անկախ փորձագետ: Մի հատ իրեն պիտի թափ տան, ասեն՝ այս թվերի գործերը ի՞նչ են եղել այսօր, որ դու նստել ես: Հազար անգամ ես գնացել եմ իր մոտ: Իմ փոքր տղան իր մոտ ծառայել է: Բոլոր փաստերն ու դիմումը տվել եմ Տեր-Սահակյանին ու ասել, որ սա ձեր ստորագրությունն է, դուք ամեն ինչ գիտեք իմ տղայի մասին, դուք էիք այդ ժամանակ աշխատել, դուք լավ գիտեիք, որ իմ տղային սպանել են: Ես ունեմ վկա, որ տեսել է, բայց մինչ այսօր իրենք ոչ մի բան չեն ուզում անել»:
Սևազգեստ կանանցից մյուսն էլ ասաց, որ նույն խնդիրն էլ իրենց մոտ է: Քննիչին դատի են տվել, դատը շահել են, հիմա նոր քննություն է գնում, բայց զինվորի գործը բացահայտելը ոչ ոքի ձեռնտու չէ. «Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, ես ուրախ եմ, որ իրենք կան հիմա: Բայց եթե իրենք ուրախանում են իրենց Աշոտիկով, մենք էլ էինք ուզում ուրախանալ մեր տղաներով: Մենք այսօր ձմեռ-ամառ փողոցներով թափառում, ու ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն կրել: Գոնե մի զինվորի սպանողին բերեն, հրապարակում ձեռքերը կտրեն, որ մյուսների համար դաս լինի: Ոչ մի հրամանատար, ոչ մի հարբեցող իրավունք չունի զինվորի վրա ձեռք բարձրացնել»:
Մայրերն ասացին, որ հիմա նորից դիմել են վարչապետին իրենց ընդունելու և հանդիպում կազմակերպելու խնդրանքով:
«Կանգնած «հորս արև»-ով էր խոսում: Կառավարության շենքի դիմաց կանգնած հետախույզը ամուսնուս ասել է, որ ձեր տղային սպանել են, հիմա բերանը ջուր է առել»,- հավելեց բողոքող կինը: Մանրամասները՝ Hayeli.am-ի տեսանյութում:
0Comments